1-2 օրվա խնդիր էր այդ ամենը վերադարձնելը». Վահրամ Բաղդասարյանը՝ 800 հեկտարի մասին
«Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը, ես չգիտեմ, թե Զարուհի Փոստանջյանն ում շահերն է սպասարկում»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի հայտարարությունը, որ նախագահ Սերժ Սարգսյանը դավաճան է:
Դիտարկմանը, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց, Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ականերին հող վերցրեց: Ըստ նրա` այդ «հող կորցնելը» վերացական արտահայտություն է, պետք է կոնկրետ խոսել, նաև նշել, թե ինչ շահեցինք:
«Դա մեկ, երկու օրվա խնդիր էր այդ ամենը վերադարձնելը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով, թե կորսված 800 հեկտար տարածքը ռազմական նշանակություն չունի և պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա:
Դիտարկմանը, որ այդ տարածքը կորցնելու պատճառով է, որ այսօր թալիշցիները չեն կարողանում գյուղ վերադառնալ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե անկախ այդ պամաններից, այս սրված իրավիճակում թալիշցիները չէին կարող վերադառնալ տուն, քանի որ այս լարված իրավիճակում նորից այդ վտանգը պետք է սպառնար նրանց:
Նրա կարծիքով` եթե հարցը կարգավորվի ՄԽ առաջարկած ձևով, ապա և´ թալիշցիների հարցը կլուծվի, և´ խաղաղության: Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ պետք է համեմատության մեջ դնել, թե այդ տարածքը ինչ գնով հետ կբերվեր. «Մեր նպատակն է ՄԽ հետ միասին խաղաղ ճանապարհով հարցը կարգավորել: Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է մեզ համար»: