Բաժիններ՝

Ոսկերչության ոլորտում առաջիկայում սպասվում է 100 միլիոն դոլարի ներդրում և 2000 աշխատատեղի ստեղծում

Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի ազատ տնտեսական գոտիների ստեղծման և դրանցում գործունեության ծավալման նպատակը պետք է լինի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան և մրցունակ ոլորտներում Հայաստանի տնտեսության առաջանցիկ զարգացումը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցին: «Այս պահի դրությամբ մենք ունենք երկու ազատ տնտեսական գոտի, որոնցից մեկը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և այստեղ ցուցանիշները տպավորիչ են այն առումով, որ ոչ միայն շահագործող կազմակերպությունների թիվն անընդհատ աճում է, այլ նրանց կողմից ստեղծվող նոր արժեքներ են ստեղծում, որ միտված են արտահանման»,- նշեց նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճը կազմում է միջինը տարեկան 25 տոկոս: «Վերջերս էլ հանրապետության վարչապետը հայտարարեց, որ սա ոչ միայն կառավարության ուշադրության կենտրոնում է, այլ այս ոլորտի հենքի վրա մենք պետք է դիտարկենք բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես տնտեսության կարևորագույն ճյուղ: Այս ոլորտում առաջիկայում զարգացումները լինելու են այն ուղղությամբ, որ Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվելու է «Արմթեգ» հերթական տարեկան հանդիպումը, որի շրջանակներում մենք ակնկալում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք կունենանք միջազգային լուրջ առաջընթաց կազմակերպությունների մուտք Հայաստան, ինչպես նաև հայկական ապրանքների իրացում այլ տարածքներում»,- նշեց Մինասյանը:

Նախարարը հավելեց, որ ազատ տնտեսական մյուս գոտին մասնագիտացած է ոսկերչության ոլորտում: «Այստեղ մենք նույնպես ունենք դրական զարգացումներ: Այստեղ շահագործողներ են գալիս օտարերկրյա ներդրումները: Մեծ մասն ազգությամբ հայեր են, բայց օտարերկրյա ներդրումներով են գործում: Դուք գիտեք, որ ազատ տնտեսական գոտիների պայմանները ոչ միայն ներդրումներն են, այլ նաև աշխատատեղերի ստեղծումն է: Եթե այս ցուցանիշները համախառն գնահատենք, ապա ակնկալվում է, որ շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու առաջիկայում: Ստեղծվելու է նաև շուրջ 2000 աշխատատեղ: Ա յս ամենը նպաստելու է մեր տնտեսության մեջ ոլորտային զարգացումներին»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս