«Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը». Սերժ Սարգսյան
«Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ՝ պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը դա է»,- այս մասին ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ պայմանավորվածությունների ձեռքբերմանը մենք շատ մեծ ուշադրություն չպիտի դարձնենք՝ հաշվի առնելով անցյալի մեր փորձը, որովհետև ինչպես ասացի՝ մենք 20 հանդիպում ենք ունեցել: Այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել: Կյանքը ցույց կտա, թե այս անգամ իրադարձություններն ինչպես կզարգանան: Մեզ համար կարևորը հետևյալն է՝ որպեսզի համանախագահները մեկ անգամ ևս համոզվեն, որ մեր նպատակը նախ ստատուս-քվոյի պահպանումը չէ, և նպատակը չէ հավերժ պատերազմել:
Մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք: Որևէ պագայում ես արդարացված չեմ համարում մեր լավագույն տղաների՝ հանուն հայրենիքի զոհվելը: Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն, հանուն հայրենիքի ապրեն, բայց, նորից եմ կրկնում, եթե ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների:
Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև ինքս տեսել եմ, թե ինչ բան է պատերազմը և չէի ցանկանա, որ բոլորն էլ տեսնեն, կամ այդ իրադարձություններըմ եկ անգամ ևս կրկնվեն: Միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, այն է, երբ դու պարտադրված ես, այլ ելք չունես, պիտի քո հողը, քո հայրենիքը պաշտպանես:
Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, մեր ժողովուրդն այդ ընտրությունը վաղուց է կատարել, և դա ցույց տվեց ապրիլի ադրբեջանական պրովոկացիան, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ իրադարձությունները չկրկնվեն»,- ասել է Սերժ Սարգսյանը: