Համակարգն ու քոսի տիզերը

Բազմիցս ասված է՝ համակարգը բնութագրում է ոչ թե՝ սխալը կամ հանցանքը։ Համակարգը բնութագրում է այդ սխալի կամ հանցանքի հանդեպ հենց համակարգի արձագանքը։

ՀՀ ԳԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Հայաստանը քոսոտ երկիր անվանեց։ Եթե դա լեզվի սայթաքում լիներ, ապա Ռ.Մարտիրոսյանը ներողություն կխնդրեր «քոսոտ» երկրի քաղաքացիներից։ Բայց քանի որ այդպիսի խոսքեր ԳԱ նախագահից չլսեցինք, ուրեմն նա իսկապես մեր երկիրը քոսոտ է համարում։ Այդպիսի կարծիք ունենալը Ռադիկ Մարտիրոսյանի իրավունքն է, և այն Հայաստանը քոսոտ չի դարձնում։

Եվ այդ կարծիքը որևէ ձևով չէր բնութագրի Հայաստանի Ակադեմիական, գիտական միջավայրը, եթե առաջացներ որևէ ակադեմիկոսի, ԳԱ թղթակից անդամի, գիտությունների դոկտորի, ակադեմիական ինստիտուտի տնօրենի բողոքը, հակադարձը, զայրույթը, ներողություն խնդրելու կամ ԳԱ նիստ գումարելու պահանջը։

Այդ կարծիքը որևէ ձևով չէր բնութագրի Հայաստանի պետական կառավարման համակարգը, եթե որևէ նախարար, գերատեսչության ղեկավար հրապարակավ բացատրություն պահանջեր Ռ.Մարտիրոսյանից։ Լրագրողի ուղիղ հարցին էլ ի պատասխան՝ շփոթվում են, փախչում պատասխանիցգ

Ճիշտ է, հասարակության լայն շրջանակները խիստ բացասական արձագանքեցին «քոսոտ» որակավորմանը։ Բայց դա չի բնութագրում համակարգը։ Հին Հռոմում, օրինակ, ընդունված էր ժամանակ առ ժամանակ ստրուկներին կռվացնել քաղցած առյուծների հետ։

Այդպիսի մենամարտերը, ինչպես գիտենք, միշտ էլ նույն արդյունքով էին ավարտվում։ Եվ անմարդկային այն ավանդույթը դատապարտում էին Հին Հռոմի «քաղաքացիական հասարակության» փոքրաթիվ ներկայացուցիչները՝ հումանիստներն ու փիլիսոփաները, պարբերաբար ապստամբում էին առյուծի բաժին դառնալ չցանկացող ստրուկները։ Բայց կայսերական Հռոմի համար ստրուկներին տանջամահ անելը նորմի մեջ էր, և հենց դա էր բնութագրում համակարգը։

Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում համակարգի լռությունը։ Որ ունենք քոսոտ երկրի նախագա՞հ, կառավարությո՞ւն, բանա՞կ, գիտնականնե՞ր։ Եվ քոս ընկած գիտնականները կարող են անօդաչու սարքեր մշակել, քոս ընկած բանակը՝ երկրի անվտանգությունն ապահովել, քոս ընկած կառավարությունը՝ երկրի ապագա՞ կառուցել։

Ռ.Մարտիրոսյանը պետական համակարգի անդամ է, և, եթե նա համակարգի կողմից չի պատժվում իր սխալի համար, ապա սխալի համար պատասխանատու է արդեն համակարգը։ Սա հանրային պարզ ֆորմուլա է։

Եվ եթե նորմալ գործող համակարգերում սխալների քանակը կտրուկ նվազում է համապատասխան արձագանքների պատճառով, ապա մեզ մոտ այդպիսի սխալներն ու հանցանքները կտրուկ ավելանում են։ Որովհետև առաջին դեպքում՝ գործում է համակարգի բացասական արձագանքը, այսինքն՝ անխուսափելի պատիժը, իսկ երկրորդ դեպքում՝ դրականը՝ քանի համակարգի անդամ ես, դու անպատիժ ես։ Նույնիսկ, եթե համատարած քոսի հարուցիչ տիզն ես։

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս