Քաղաք, ուր Քանյեն սիրում է լողալ Կարապի լճում. The Guardian-ի հոդվածը Երևանի մասին
Ջրային պատերազմները, շինությունները, որոնք նման են խորհրդային տիեզերանավերի, նարդիների տախտակներից լսվող շրխկոցները կյանք են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին: Այս մասին The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է Լիանա Աղաջանյանը «Քաղաք, որտեղ Քանյեն սիրում է լողալ Կարապի լճում» խորագիրը կրող հոդվածում:
Նա նշում է, որ գրեթե բոլոր բակերում ամեն օր մեծամասամբ տարիքով տղամարդիկ հավաքվում և նարդի են խաղում` տեղական ասեկոսեների շուրջ խոսելով: Հեղինակը նշում է, որ տասնյակ տարիների ընթացքում քաղաքում կանաչապատ տարածքները սրճարանների և առևտրի կենտրոնների կառուցման հետևանքով պակասել են: Այս առնչությամբ բնապահպան ակտիվիստների բողոքը, սակայն, 2012 թվականին պսակվեց հաջողությամբ. տեղական իշխանությունները խոստացան ձեռնարկել կանաչապատման ծրագիր, որը կընդգրկեր ողջ երկիրը:
Թեպետ հեծանվային ուղիներ քաղաքում դեռևս չկան, սակայն այս փոխադրամիջոցն ավելի ու ավելի մեծ հեղինակություն է սկսում վայելել: Իսկ տաքսի ծառայությունն այնքան հասանելի է, որ շատերն են օգտվում դրանից:
Հեղինակը հոդվածում պատմում է Մարզահամերգային համալիրի, քաղաքում կառուցվող նոր էլիտար շինությունների, ամենանորարար վայրերից մեկը համարվող ԹՈՒՄՈ կենտրոնի մասին:
«Երևանում հեշտագույն ձևով կարելի է մարդկանց հանդիպել և կապեր հաստատել: Դա փոքր քաղաք է, սակայն հայերն իրենց բնույթով ծայրահեղ հյուրընկալ են: Շատ հաճախ մի քանի րոպե է տևում, երբ բարի մոտ կանգնած անծանոթներն ընկերանում են, ինչին հաջորդում է կենացների անվերջ շարանը»,- գրում է Լիանա Աղաջանյանը: