Հիմա արդեն կարելի՞ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ ապրիլին սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները, մենք «Առավոտում» որոշեցինք զոհերի, վիրավորների, տարածքների, դիրքերի մասին մեր տեղեկատվության մեջ հիմնվել միմիայն Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալների վրա: Ես հիմա էլ այդ որոշումը ճիշտ եմ համարում, որովհետեւ որեւէ այլ աղբյուր կարող է այսպես թե այնպես արտացոլել հակառակորդի մոտեցումները կամ հայաստանյան ներքաղաքական շահագրգռությունները, իսկ դա կարող էր եւ կարող է վնաս տալ կյանքի ու մահու կռիվ տվող մեր զինվորներին: Ես վստահ եմ, որ այդ թեմաներով (հատկապե՛ս նշածս թեմաներով) մարդկանց վախեցնելը, գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է, օգուտ չի բերում պետությանը: Դա չի նշանակում, որ ես չգիտեմ, թե որքան կոռումպացված են, անկուշտ են մեր իշխանությունները, եւ որքան են նրանց ուղեղները ճարպակալած: Դրա մասին այսօր էլ արժե խոսել, բայց՝ ա/ դա 100-րդ անգամ կրկնելով՝ նրանց հեռացմանը չես հասնի, բ/ նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորություն ունեն նրանց տեղը զբաղեցնելու, իմ կարծիքով, նրանցից ոչնչով լավը չեն: Բայց ամենակարեւորն այն է, որ այս բոլոր խնդիրների քննարկումը չպիտի տարածվի իմ նշած զուտ ռազմական թեմաների վրա: Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը` երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն` ոչ այնքան ազնիվ նկատառումներով: Երեւի մտածում են, որ հիմա արդեն կարելի է: Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս