Բաժիններ՝

Վարչապետի նշած թերացումների ո՞ր մասն էր վերաբերում Արդարադատության նախարարությանը

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօրվա քննարկմանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ վարչապետի նշած թերացումների ո՞ր մասն էր վերաբերում Արդարադատության նախարարությանը, քանի որ փաստ է՝ մեր իրավական համակարգը, ՔԿՀ-ները կոռումպացվածության առումով առաջնային տեղերում են, ասաց.

«Նախ՝ համամիտ չեմ ձեր գնահատականի հետ, որ իրավական համակարգն ու ՔԿՀ-ներն ավելի շատ են կոռումպացված, որովհետև որն է ավելի քիչ, որն է ավելի շատ, պետք է մասնագիտացված վերլուծություններ կատարվեն: Եթե դրանց արդյունքներով ենք խոսում, ապա համամիտ եմ, մենք կատարել ենք վերլուծություններ, որոնց հիման վրա ընդունվել է նոր ռազմավարություն, որում ներառել ենք ամենակոռումպացված ոլորտներից 4-ը»:

Նա հավելեց. «Այս բարեփոխումները մենք անում ենք ոչ թե՝ պետական մարմինների համար, ոչ թե՝ հասարակական կազմակերպությունների համար, յուրաքանչյուր քաղաքացի դրա արդյունավետությունը պետք է տեսնի, որպեսզի հանրային վստահությունը բարձրանա: Մեր ամբողջ խնդիրը դա է»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Քրմոյանին. «Ինձ մի բան է հետաքրքրում, սա գործընկերային, շատ բարի բանով եմ ասում. Ի՞նչն է խնդիրը, որ չնայած ջանքերին՝ ժողովրդի մոտ վստահությունը կամ շատ չնչին է, կամ հակառակը՝ ավելի իջնում է, ինչ-որ մի բան կա՞, որ շնորհքով չենք անում»: Հարցին արդարադատության նախարարի տեղակալը պատասխանեց. «Մեր ռազմավարության մեջ դրված են լուծումներ՝ հանրային վստահությունը բարձրացնելու առումով. նախ՝ ՝կանխարգելիչ բավարար միջոցառումներ, երկրորդ՝ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն հանցագործությունների համար, և այն, ինչ մենք բարձրաձայնում ենք հ/կ-ների ու ԶԼՄ-ների հետ: Կարծում եմ՝ պետք է և՛ բացասականը վերհանենք՝ ցույց տանք, և՛ դրականը: Պետք է նաև ցույց տալ դրական օրինակները: Մենք ռազմավարության մեջ ամենամեծ խնդիրը տեսել ենք՝ քաղաքացիների մասնակցությունը և նրանց հավատը: Եթե քաղաքացին չհավատա, պետությունն ու հ/կ-ներն արդյունքի հասնել չեն կարող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս