Առևտրի կամ սննդի օբյեկտներում ընտրական պաստառների տեղադրումը կարգելվի
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը, որը պետք է ներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ և քննարկվի հաջորդ շաբաթ խորհրդարանի հերթական նիստում:
Դ.Հարությունյանը նշեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը ԸՕ վերաբերյալ մի քանի օր առաջ են ստացել, նաև ՄԱԿ-ի տեխնիկական փորձագետներն են եզրակացություն ներկայացրել: Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժողովի առաջին դիտողությունը վերաբերել է ժամանակահատվածին, որ պետք է տրամադրվի կոալիցիայի ձևավորման համար: Առաջարկվել է լրացուցիչ 3 օր տրամադրել և երկրորդ փուլի դեպքում հավելյալ 3 օր էլ տրամադրվում է դաշինքներ կազմելու և վարչապետի թեկնածուին որոշելու համար:
Նա նշեց, որ վստահված անձանց 20 րոպե կտրամադրվի ցուցակներն ընտրովի ստուգելու համար, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ընտրացուցակին, թե՞ ոչ: Տեխնիկական խնդրի դեպքում, եթե չի տպվում ցուցակը, նախատեսվում է, որ վստահված անձը կարող է դիմում գրել: Վերահաշվարկի համար նախատեսվում է 3 հերթ:
Դ.Հարությունյանը նշեց, որ նախընտրական հիմնադրամում հաճախ չեն արտացոլում իրենց ծախսերը, թեև դա դիտավորյալ չեն անում և որոշվել է, օրինակ, ճանապարհածախսն ու հեռախոսակապը չներառել հիմնադրամների ծախսերում, բայց 20% գերածախսի դեպքում թեկնածուն տուգանվում է եռապատիկի չափով:
Սահմանափակումներ են մտցվել պաստառների հետ կապված, օրինակ, սննդի օբյեկտներում օրենքի ուժով չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:
«Ցավոք, մեզանում այդ տգեղ երևույթը կա, երբ իշխանական ուժի պաստառները հայտնվում են առևտրի կամ սննդի օբյեկտներում: Մենք դեմ ենք դրան»,- ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ ֆիզիկական անձինք իրենց պատշգամբում կարող են պաստառ փակցնել:
Նա նշեց, որ ԶԼՄ-ների մասով ազատության չարաշումն արգելող տողը ջնջվում է:
Սարքերի ձեռքբերման համար որևէ դոնորի աջակցություն դեռ չկա: Դ.Հարությունյանի կարծիքով, եթե աջակցություն այդպես էլ չգտնվի, պետք է ֆինանսավորում նախատեսեն հաջորդ տարվա բյուջեով: