ԼՂՀ օմբուդսմենը հորդորել է Եվրոպայի հեռարձակողների միությանը չմտնել միջազգային քաղաքականության դաշտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին` իր դժգոհությունը հայտնելով Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Նախ և առաջ, Ղարաբաղի ժողովրդի անունից ես ցանկանում եմ իմ անհամաձայնությունը հայտնել ձեր հայտարարության լեզվի հետ կապված, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրված էր որպես բացառապես տարածքային խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք` ԼՂՀ ժողովուրդը, 1991 թվականից իրականացրել ենք ինքնորոշման մեր հիմնարար և անժխտելի իրավունքը` հռչակելով և պաշտպանելով մեր անկախությունը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից: Դա տեղի է ունեցել ամբողջությամբ համաձայն միջազգային իրավունքի և այն ժամանակ ընդունելի խորհրդային սահմանադրական իրավունքի: Հետևաբար, ԼՂ հակամարտության ձեր մեկնաբանությունը հստակ չէ և վիրավորում է իմ ժողովրդին:
Երկրորդը, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցածի վրա, ինչն, անշուշտ, հստակեցնում է երգի մրցույթի մասնակցի` ԼՂՀ ազգային դրոշը ցուցադրելու անձնական շարժառիթը»,- ասվում է նամակում:
Մելիքյանն ուշադրություն է հրավիրել ապրիլյան դեպքերի առնչությամբ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակի պատրաստած զեկույցին, որտեղ ներառված են հայ զինվորների գլխատման, ծերերի բարբարոսական սպանության, դպրոցները ռմբակոծելու փաստերը, որոնք հենց Եվրոպայում են տեղի ունեցել:
«Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և փնտրում է ժողովորդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը:
Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա: ԻԼԻՊ-ի ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը բացեիբաց սպառնում է կրկնել դրանք, եթե իմ ժողովուրդը չհնազանդվի Ադրբեջանի Հանրապետության օրենքին` մի պետություն, որը հայաֆոբիայի պետական-նավթային քաղաքականություն է վարում:
Ես ապավինում եմ ձեր գիտակցությանը` որպես եվրոպացիների` հիշելու Եվրոպայի հիմնարար արժեքները, որոնք ընկած են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում, այլ ոչ թե Հիտլերի և Մուսոլինիի: Ես հորդորում եմ ձեզ լինել խաղաղության և միասնության կողմից: Ի վերջո, ես կոչ եմ անում ձեզ մնալ երգի մրցույթի ձևաչափի շրջանակում և չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»,- ասվում է նամակում: