«Շավարշ Քոչարյանը շատ հետաքրքիր կարծիք է հայտնել». Էդուարդ Շարմազանով

Առաջին անգամը չէ, որ հայկական կողմն ասում է, որ կողմ է հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի փոխնախագահ Շավարշ Քոչարյանի հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ Շ. Քոչարյանն ասել էր, որ ինքը կողմ է տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մենք պատերազմի կողմնակից չենք, մենք կողմնակից ենք բոլոր խնդիրների բանակցային լուծմանը. «Այդ իսկ պատճառով մենք շատ նորմալ ենք ընդունում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում այդ հարցը բարձրացվում է. նորից պետք է կրկնենք, որ պետք է ձեռնպահ մնալ հակամարտության կողմերին զենք վաճառելուց»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով էլ՝ Շավարշ Քոչարյանը պատահական մարդ չէ.

«Նա շատ լուրջ քաղաքական գործիչ է, շատ լուրջ քաղաքական ճանապարհ է անցել, այն քիչ մարդկանցից է, ովքեր կոմպլեքս տիրապետում են Ղարաբաղյան խնդրի թե՛ պատճառներին, թե՛ հետևանքներին, ու թե՛ դրանց վերացման ճանապարհներին, հայրենասեր անձնավորություն է, իմ ավագ ընկերն է և շատ հետաքրքիր կարծիք է հայտնել: Հայաստանը խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քարոզում, բնականաբար, մենք երբեք սպառազինությունների մրցավազքով հիացած չենք եղել ու մշտապես դա քննադատել ենք: Բայց քանի դեռ Ադրբեջանը զինվում է, Հայաստանը պետք է առաջնորդվի՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի» փիլիսոփայությամբ:

Խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, խոսքը նաև Թուրքիայի մասին է, դժբախտաբար, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարևաններ, ու Հիտլերի և Մուսոլինիի նման՝ Ալիևն ու Էրդողանն իրար հետ մրցույթ են կպել, թե ո՞վ է ավելի ֆաշիստ ու նացիստ, ու այս իմաստով՝ մենք պետք է շրջահայաց և ճկուն լինենք»:

Տեսանյութեր

Լրահոս