«Դեմարշ կամ բոյկոտ գոյություն չունի». Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր «ԼՂ ճանաչման օրինագիծն Ազգային ժողովում. ճանաչման քա՞յլ, թե՞ դեմարշ» թեմայով քննարկման ընթացքում, պատասխանելով հարցադրմանը՝ եթե սա ճանաչման քայլ է, ապա ինչո՞ւ են իշխող կուսակցության գրեթե բոլոր պաշտոնյաները հայտարարել, որ դեռ նման քայլ օրակարգում չկա, եթե օրակարգում չկա, ապա ինչո՞ւ այդ քայլն արվեց, արդյո՞ք սա դեմարշ է ուղղակի, ասաց. «ՀՀԿ ներկայացուցիչները կամ քաղաքական պատասխանատուները, որ նույն քաղաքական ուժն են ներկայացնում, ասում են՝ նման հարց օրակարգում չկա, նշանակում է՝ դա ճանաչում չէ: Իսկ հարցը չէր կարող հայտնվել օրակարգում, որովհետև դա օրենսդրական նախաձեռնություն է, որը սկսվել է մեր ընդդիմադիր ընկերների նախաձեռնությամբ: Այսինքն՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է օրենքով սահմանված ընթացակարգն անցնի: Դա նշանակում է, որ օրենսդրական նախաձեռնությունը (եթե դա պատգամավորի նախաձեռնություն է) ներկայացվում է կառավարությանը, կառավարությունը տալիս է իր եզրակացությունն ու ուղարկում ԱԺ: Հետագայում այդ նախաձեռնության տնօրինողն ԱԺ-ն է: Այս պահի դրությամբ՝ կառավարությունը դրական եզրակացություն այդ մասին չի տվել: Երկրորդ՝ շատ կարևոր է նման շատ կարևորագույն հարցերում արտաքին քաղաքական պատասխանատուի դիրքորոշումը»:

Շարունակելով՝ նա նշեց, որ հանրապետության նախագահը բազմիցս նշել է այդ մասին, որ Արցախի ճանաչման խնդիրը հանրապետության քաղաքական օրակարգ կմտնի՝ կախված հնարավոր զարգացումներից. «Դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես մերժում ենք ճանաչման գաղափարը: Այս պահին կարող ենք ասել, որ դեմարշ կամ բոյկոտ գոյություն չունի, խնդիրը գտնվում է քաղաքական զարգացումների բնականոն զարգացման փուլում, և կախված արտաքին կամ ներքին գործոններից՝ կարող են որոշումներ կայացվել անհրաժեշտ պահին: Այսինքն՝ խնդիրն օրակարգում չէ, բայց դա չի նշանակում, որ հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս