Բաժիններ՝

Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու կասկածանքով ձերբակալվել են NIDA շարժման ակտիվիստներ

Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան Ադրբեջանում երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու կասկածանքով ձերբակալվել են NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասեդդին Իբրահիմը: Նրանց գտնվելու վայրը չի հաղորդվում:

NIDA շարժումը կարծում է, որ երիտասարդներին ձերբակալել են Բաքվում՝ Կենտրոնական բանկի դիմաց գտնվող Ալիևի անունը կրող այգում տեղադրված հուշարձանը պղծելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը տեղեկացրել էր, որ մայիսի 9-ին՝ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին, անհայտ անձինք սկանդալային գրառումներով պղծել էին Հեյդար Ալիևի հուշարձանը, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:

aleiv ardzan

Հուշարձանի երկու կողմերում սպիտակ ներկով անգլերենով (Fuck the system!) ու ադրբեջաներենով վիրավորական գրություններ էին հայտնվել («Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ», Qul bayramınız mübarək!): Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:

Գրաֆիտիի հեղինակները, ամենայն հավանականությամբ, իրենց մտահղացումը կարողացել են կյանքի կոչել գիշերը, երբ այգում լուսավորությունն անջատված է եղել:
Նշվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը մինչ օրս չի մեկնաբանել ինչպես արձանը պղծելու դեպքը, այնպես էլ ակտիվիստներին կալանավորելու փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս