Բաժիններ՝

«Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ». Բաքվում պղծել են Հեյդար Ալիևի հուշարձանը

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ Բաքվում մայիսի 9-ի երեկոյան՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին, Կենտրոնական բանկի դիմաց գտնվող Ալիևի անունը կրող այգում տեղադրված հուշարձանը պղծել են:

Հուշարձանի վրա հայտնվել է գրաֆիտի, որն ադրբեջաներեն նշանակում է՝ «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» (Qul bayramınız mübarək!):

Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:

Պատվանդանի մյուս կողմում գրված է եղել՝ Fuck the system !

Meydan TV-ն, հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ այսօր առավոտյան գրությունն արդեն մաքրված է եղել արձանի վրայից, իսկ այգում հայտնվել են ոստիկաններ: Նշվում է, որ հուշարձանի վրա գրության հայտնվելն անհնար է եղել անգամ պատկերացնել:

Aliev (2)

Գրաֆիտի հեղինակները, ամենայն հավանականությամբ, իրենց մտահղացումը կարողացել են կյանքի կոչել գիշերը, երբ այգում լուսավորությունն անջատված է եղել:

Ծաղիկների տոնը Բաքվում անցկացվում է մայիսի 10-ին՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը:

Meydan TV-ն գրում է, որ ծաղիկների այդ տոնի համար գնվում են տասնյակ միլիոն դոլարների հասնող էկզոտիկ ծաղիկներ Հոլանդիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Չինաստանից ու մյուս երկրներից, այն ժամանակ, երբ ժողովուրդն արագ աղքատանում է, և այդ տոնն արդեն մի քանի տարի է, ինչ ոչ միանշանակ վերաբերմունք է ստանում ադրբեջանական հասարակության շրջանում:

«Նախագահ Իլհամ Ալիևը դաժան ավտորիտար առաջնորդ է, որը հայտնի է ընտրություններ կեղծելով, քաղաքացիական ազատությունները ճնշելով, լրագրողներին, ընդդիմությանը և քաղաքացիական ակտիվիստներին հետապնդելով, երկրում ակտիվորեն քարոզելով իր հոր անձի պաշտամունքը: Ադրբեջանի բոլոր շրջաններում բացվել են Հեյդար Ալիևի անվան այգիներ, որտեղ տեղադրվել են նրա արձանները, բացվել են Հեյդար Ալիևի թանգարաններ, դպրոցական դասագրքերում բաժիններ կան Հեյդար Ալիևի «ﬔծ ժառանգության» մասին, որը փրկել է երկիրը: Յուրաքանչյուր պաշտոնյա իր հրապարակային ելույթի ժամանակ պարտադիր մեջբերում է կատարում նախկին նախագահի խոսքերից, մեծարում նրան, ընդունված է հրապարակավ շողոքորթել նախագահներին՝ հորը և որդուն, այդ թվում՝ մտավորականների շրջանում:

Ծաղիկների տոներ անցկացվում են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ժողովրդավարական, սակայն Ադրբեջանում այդ տոնը համալիր միջոցառումների մաս է՝ ի պատիվ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի ամրապնդման, հենց այդ պատճառով է այն բացասական ռեակցիա հարուցում այլախոհների շրջանում:

Վերջին երկու ամսում Արևմուտքի և իր կոնյունկտուրային մտահղացումներից ելնելով՝ Ալիևը ստիպված էր մի փոքր մեղմել իր դիրքորոշումը ու ազատել քաղբանտարկյալների մի մասին՝ շարունակելով ազատազրկված պահել մյուսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս