Բաժիններ՝

«Կենսաթոշակայինի գումարները որտե՞ղ են». Մարուքյանի հարցադրումն Ասատրյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ նրա` դրա ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

Ա.Ասատրյանը նշեց, որ նախնական գնահատականի համաձայն` այդ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Նրա խոսքով` հարկ է նկատի ունենալ, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները, բացի այդ, ենթադրվում է, որ պարտադիր կուտակային համակարգին միացող քաղաքացիների թվաքանակը կունենա 2015-2016թթ. դինամիկան:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս հետաձգումը կապված չէ՞ ընտրական տարու հետ, որ ուզում են խնդիրը թողնել հաջորդ խորհրդարանին: Մարուքյանը նշեց, որ խտրականություն է դրսևորվում պետական ու մասնավոր ընկերությունների աշխատողների միջև, քանի որ պետական ընկերություններից պարտադիր պահվում է, իսկ մասնավորներից` ոչ: Նա նաև հետաքրքրվեց, թե այդ պահվող գումարները որտե՞ղ են, ֆոնդերո՞ւմ են, քանի որ ինքը որևէ ծանուցում չի ստանում դրանց մասին:

«Բացարձակ կապ չունի»,- վստահեցրեց նախարարը` հավելելով, որ էլեկտրոնային համակարգի համատեղելիության հետ կապված մեծ ծավալի աշխատանք կա անելու, որպեսզի համակարգերը կարողանան համատեղ աշխատել:

Ա.Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա մարտի դրությամբ կենսաթոշակային համակարգին մասնակցում է 143580 անձ, որից պետական հատվածից են 64788-ը, ոչ պետականից` 78792-ը: Ըստ նախարարի` 36 մլրդ-ից մի փոքր ավելի գումար է հավաքվել, այդ թվում` պետական համաֆինանսավորումը:

Նախարարը հայտարարեց, որ այդ միջոցների 8-10% եկամտաբերություն է ապահովվել, տեղեկատվությունն ամբողջությամբ առկա է epension.am պորտալում: Ընդ որում` համակարգին մասնակցելու կամավոր հայտ, Ա.Ասատրյանի խոսքով, միայն 235 անձ է ներկայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս