ԼՂՀ նոր օմբուդսմենը խոստանում է ԱԺ-ից ստացած վստահությունն արդարացնել թիմային աշխատանքով
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/ԼՂՀ.jpg)
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար:
Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը եւ աշխատանքային հարուստ փորձը թույլ կտան նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման եւ կատարած աշխատանքների համար եւ նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովից: