Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը հակասում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը և կողմերին չի մոտեցնում հակամարտության կարգավորմանը. Լեոնիդ Սլուցկի
Ռուսական РБК-ն իր հոդվածում անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: Հոդվածում նշվում է, որ օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված նախագծում նշվում է. «Հավանություն տալ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով»:
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հայտարարել է, որ «Երևանի դիրքորոշումը միշտ հակված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին»:
«Ինչպես հասկանում ենք, դա հակասում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը և կողմերին չի մոտեցնում հակամարտության կարգավորմանը: Հակառակը, օրենքի տվյալ նախագիծը կարող է ամրագրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Երևանի ըմբռնման մեջ և դրանով իսկ հարուցել պաշտոնական Բաքվի կտրուկ չճանաչումը: Չէի ցանկանա «կռահել», սակայն այդ որոշումը կարող է սահմանին հանգեցնել բռնությունների էսկալացիայի, ինչն անթույլատրելի է»,- ասել է նա: