Զարուհի Փոստանջյանը՝ զինծառայության տարկետման և զինակոչիկների սեռաբջիջների պահպանության մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լուրջ չի վերաբերվում նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես հայտնի է, Թ. Պողոսյանն առաջարկում է պետականորեն երաշխավորել 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում:
«Ես դա լուրջ չեմ ընդունում ու չեմ անդրադառնա դրան»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Զ. Փոստանջյանը:
Անդրադառնալով կրկին Թևան Պողոսյանի և նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված օրենքի այն նախագծին, որի համաձայն՝ ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարկետում չի տրվելու, Զ. Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ մեր ամբողջ Զինված ուժերը պետք է բարեփոխումների ենթարկվեն:
«18 տարեկան մեր զավակները, չեմ կարծում, որ պետք է առաջնագծում լինեն: Պետք է ուսումնասիրենք և հաշվի առնենք միջազգային փորձը: Հիմա թույլ է տրվում կանանց մասնակցել զինվորական ծառայությանը, բայց ոչ թե՝ դա պարտադրելով, այլ՝ եթե մարդը ցանկանում է:
Եթե մենք պարտադրում ենք, ապա պետք է հաշվի առնենք, թե մեր երիտասարդ աղջիկներն ապագայում քանի՞ երեխա չպետք է ունենան, և դա արդյոք հավասարազո՞ր է բոլոր այդ պաշտպանական մեխանիզմներին, որովհետև երեխա ունենալը նույնպես պաշտպանություն է, նույնպես պետականության կերտում է և անվտանգություն է: Իսրայելի բանակը, ճիշտ է, կանանց զորակոչում է, բայց այնտեղ նաև այլ խնդիրներ են առաջացել՝ կապված ծնելիության հետ»,- նկատեց Զ.Փոստանջյանը:
Նա կարծում է, որ բանակում պետք են և՛ 18 տարեկանները, և՛ բակալավրիատ ավարտածները, և՛ մագիստրոսները. «Որովհետև 3 ցենզերն էլ անհրաժեշտ են, այնպես չէ, որ բանակը կարիք չունի բակալավրիատի գիտելիք ունեցող անձի»: