Մերօրյա «Վերածննդի տիտանները». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Պատերազմը ճանապարհ է բացում ոչ միայն այն արժանի քաղաքացիների համար, որոնք այս պահին պատրաստ են անել ամեն ինչ` սկսած խրամատ փորելուց` թշնամուն դիմադրելու համար, այլեւ բազմաթիվ ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» եւ «դիվանագետների»:

Դժվար թե որեւէ մեկս ցանկություն ունենանք դատողություններ անելու, ենթադրենք, քվանտային ֆիզիկայի մասին, բայց թե` ո՛ր ուղղությամբ պետք է գնան մեր ստորաբաժանումները, ո՛ր զինատեսակը պետք է օգտագործեն եւ ինչպես է պետք «Բաքվում թեյ խմել»` դրա մասին ամեն մեկս ունի իր հստակ պատկերացումը: Բայց չէ՞ որ ռազմական գործը նույնպես գիտություն է: Այստեղից-այնտեղից, կայքերից, ֆեյսբուքից եւ «հետճաշային» խոսակցություններից տեղեկատվություն քաղելով՝ հնարավոր է, իհարկե, սեփական անձնական պատկերացումը կազմել իրավիճակի մասին:

Այս ամբողջ ընթացքում ես լրագրող եմ աշխատում, եւ մարդիկ, փողոցում զրույցի բռնվելով, ինձ (իբր որպես տեղեկատվություն ունեցող մարդու) դիմում են հարցով… «ճի՞շտ է, որ…», եւ հետո ներկայացնում են այնպիսի մի անհեթեթ բամբասանք, որ ես մի պահ կարկամում եմ եւ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Մասնավորապես, ինձ հարցնում էին եւ հիմա էլ հարցնում են` ճի՞շտ է, որ ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները հանձնում են Ղարաբաղը թուրքերին: Բայց եթե ասես, որ դա սուտ է, նրանք կսկսեն վիճել` «ո՞նց, դու, ուրեմն, բան չես հասկանում, էն օրը Հերմինե Նաղդալյանն է ասել»: Եվ ես «գիտակ մարդուց» դառնում եմ «տգետ», որին զրուցակիցներս պետք է հավելյալ տեղեկատվություն հաղորդեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս