Բաժիններ՝

«Պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաների պաշտոնանկությունը դեռ քիչ թիվ է». Էդգար Բաղդասարյան

Ղարաբաղաադրբեջանական սահմանին ապրիլից չդադարող պատերազմական իրավիճակի շուրջ 168.am-ը պարբերաբար զրուցում է մտավորականության ամենատարբեր խավերի հետ՝ փորձելով խնդիրը ներկայացնել տարբեր տեսանկյուններից: Մեր զրուցակից, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նախընտրում է հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից այնպիսի երևույթների շուրջ, որից ինքը, ըստ էության, տեղյակ չէ.

– Ճիշտ է, որ մենք մամուլի միջոցով անընդհատ կարդում ու տեղեկանում ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այս օրերին սահմանում, բայց կան, չէ՞, անդրկուլիսյան զարգացումներ, որից մենք, մեծ իմաստով, քաջատեղյակ չենք, և այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է վերջին օրերի ռազմական ոլորտի բարձրաստիճան անձանց պաշտոնանկություններին, ապա կարծում եմ, որ դրանք ակնհայտ թերացումների արդյունքում էին. որևէ մեկը կարո՞ղ է այլ պատճառաբանություն բերել: Առանց մանրուքների մեջ խորասուզվելու՝ աշխատանքի թերացման փաստերն ակնհայտ են: Խայտառակ վիճակ է: Երեք պաշտոնյան դեռ քիչ թիվ է, դա է ինձ մտահոգում: Մեր երկրի միակ խնդիրը կադրային ոլորտի բացերն են: Մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բաներ փոխել, հեռու չգնանք, հենց մեր՝ արվեստի ոլորտում, լծակներ չունեն: Եթե, օրինակ, ռեժիսորների սխալը ճակատագրական հետևանքներ չի ունենում՝ նկատի ունեմ մարդկային կյանքերի առումով, ապա ռազմական ոլորտում նման սխալներն անդառնալի են, նույնը՝ նաև բժիշկների պարագայում: Իրենց սխալների արդյունքում մարդիկ են սպանվում, դա է խնդիրը, և այս պահին, մեր երկրի աշխարհաքաղաքական այս իրավիճակում՝ հատկապես: Յուրաքանչյուր մարդկային կյանք գոնե մեզ համար որոշիչ նշանակություն ունի, դա բոլորս ենք գիտակցում: Պաշտոնների նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր ձեռքիցդ հաց են ուտում ու ամեն րոպե պատրաստ են ամեն ստոր քայլի՝ առանց պատասխանատվության որևէ զգացումի, կատարյալ կոնֆորմիստներին հատուկ նկարագրով, հենց սրան էլ պետք է հանգեցներ: Հրամանատարը հարցնում է՝ ո՞ւր են գիշերային տեսանելիության սարքերը, ասում են՝ սեյֆում դրված են, բա հո 3500 եվրո արժողությամբ սարքը չե՞մ հանելու դնեմ մեջտեղ… Ա՛յ հենց սրանց ու սրանց նշանակողներին է, որ պետք է առաջին հերթին հեռացնեն ու դատեն: Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ է: Երբ իրավիճակը մի փոքր խաղաղվի, ամեն ինչի համար պատասխան տալու պահն անխուսափելիորեն վրա կհասնի:

Էդգար Բաղդասարյանը, այնուամենայնիվ, չի կարծում, որ ապրիլյան ռազմական գործողությունները կարող է վերաճել լայնածավալ պատերազմի.
– Ես այդպես չեմ կարծում: Ինձ թվում է՝ բանակցային գործընթացի փոփոխությունների միտում կա վերջին օրերի զարգացումներում: Իհարկե, իրավիճակը միանշանակ չի կարող վերադառնալ նախկին բանակցային սեղանին, դա բնական է, բայց չեմ էլ կարծում, որ լայնածավալ պատերազմի ենք գնում, որովհետև դրա արդյունքում տարածաշրջանում իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ՝ չսահմանափակվելով միայն հայ-ադրբեջանական պատերազմով: Կարծում եմ՝ հասունացել է Ադրբեջանին հզոր հակահարված հասցնելու պահը, որպեսզի դրանք մեկընդմիշտ հասկանան, որ այսօրվա իրավիճակում պատերազմ սկսելն ու հաղթելն իրականում շատ բարդ գործ է, համենայն դեպս՝ շատ հեռու իրենց պատկերացրած սցենարներից, և սա, իրենցից բացի, բոլորն են հասկանում: Ի վերջո, որևէ գերտերություն՝ ո´չ Ռուսաստանը, ո´չ Ամերիկան, ո´չ Եվրոպան, թույլ չեն տա, որ պատերազմող որևէ կողմ նկատելի առավելությունների հասնի:

Հայ-ադրբեջանական վերջին ամսվա զարգացումների ֆոնին Ռուսաստանի պաշտոնական կեցվածքն Էդգար Բաղդասարյանը մեկնաբանում է՝ որպես դիպլոմատիկ ֆեդերալիստներին հատուկ դիրքորոշում.
– Ես իրենց պաշտոնական հայտարարություններից առաջ էլ կարող էի ասել, թե ինչ տեքստերով են հանդես գալու՝ երկկողմանի հրադադար, խաղաղ ճանապարհներ և այլն… Ռուսաստանից ես ցանկացած տեսակի այլ դիրքորոշում չէի էլ սպասում: Իսկ երբ խոսում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին, չգիտես ինչո՞ւ՝ մոռանում են, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև 9 տարբեր երկրներից: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են միայն ռուսների վրա կենտրոնացել: Իսկ երբ Բելառուսն և Ուկրաինան հակատանկային զենք են վաճառում Ադրբեջանին, Իսրայելը՝ ԱԹՍ-ներ, ինչո՞ւ դրանց մասին էլ նույն չափով չեն բարձրաձայնում: Բացի բարոյական ընկալումներից, ուրիշ որևէ խնդիր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մեջ ես չեմ տեսնում, իսկ սա քաղաքականություն է, և քաղաքականության մեջ բարոյական չափանիշներ, ինչպես գիտեք, գոյություն չունեն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս