Բաժիններ՝

Ղարաբաղյան կողմը չի հաստատում կորցրած դիրքերից մեկը հետ վերցնելու մասին տեղեկությունները. azatutyun.am

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի հաստատում մամուլում տարածված լուրերը, թե նախորդ գիշեր Պաշտպանության բանակի ուժերը հետ են վերցրել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած դիրքերից մեկը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Ազատությանն» ասել է, որ եթե նման բան լինի՝ իրենք հանրությանը տեղյակ կպահեն: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ևս հորդորեց սպասել պաշտոնական տեղեկատվության:

«Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ուրեմն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – նշել է Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է 1996-ին ծնված զինծառայող Հայկ Մինասյանը: Հրադադարի խախտման հետևանքով երեք հայ զինծառայող էլ վիրավորվել է, այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից առավոտյան տարածված հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից, «Գրադ» կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Հաղորդվում է նաև, որ նախորդ գիշերվա պես այս գիշեր ևս շարունակվել է Մարտակերտի հրետակոծությունը: Մարտակերտի շրջանի վարչակազմի ներկայացուցիչն «Ազատությանն» ասել է, որ չնայած այս գիշեր նախորդի համեմատ ավելի քիչ են կրակել քաղաքի ուղղությամբ, այդուհանդերձ վնասներն ավելի շատ են:

«Երեկ գիշերը նորից հակառակորդի կողմից հրթիռահրետակոծվեց Մարտակերտ քաղաքը՝ բնակելի թաղամաս: Երեք արկ ուղիղ բնակարանին ա կպել, իսկ 20 բնակարան տուժել են հրթիռահրետակոծությունից: Քաղաքացիական մարդկանցից ոչ մեկը չի տուժել», – մանրամասնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը:

Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածած մեկ այլ հաղորդագրությամբ մեղադրում է ադրբեջանական կողմին իր բնակչության թիկունքում թաքնվելու և մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ:

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը քառօրյա պատերազմից հետո վերջին օրերի լարվածության մի քանի պատճառ է մատնանշում․ – «Սա կապված է ինչպես Թուրքիայի նախագահի այցի հետ, այնպես էլ միջազգային հանրության և ժողովրդավարական մի շարք պետությունների ներկայացնող գործիչների հայտարարությունների հետ, որոնք գալիս են Բաքու մասնակցելու ՄԱԿ-ի ֆորումին և այնպիսի գնահատականներ են տալիս ահաբեկչական Ադրբեջանին, նրան անվանելով օրինակելի պետություն, որ, իհարկե, թևեր է ստանում և սկսում է նման քայլերի դիմել»:

Հայաստան-Ադրբեջան սահմանին ևս նախորդ գիշեր խաղաղ չի եղել: Ըստ Պաշտպանության նախարարության՝ պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս