Առաջարկում են քվեախցիկները շրջել, որպեսզի տատիկները փեշերի տակից քվեաթերթիկներ չհանեն
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը առաջարկեց քվեախցիկները շրջել, որպեսզի տատիկները փեշերի տակից քվեաթերթիկներ չհանեն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցանկալի չհամարեց խցերի դիրքը փոխել, առավել ևս, որ բազում պատգամավորների առաջարկությունն է եղել, որ ընտրողը մեջքով դեպի պատը կանգնի:
«Է, հիմա փեշը… փեշերը տակից երևում են, եթե չեմ սխալվում, մեր քվեատուփերն այդքան էլ բարձր չեն»,- նկատեց նա:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից կանանց փեշերի երկարության հետ կապված ինչ-որ առաջարկ արեց, որը սակայն անհասանելի մնալ դահլիճից դուրս գտնվողների համար, բայց այն ոգևորեց Դավիթ Հարությունյանին:
«Ավելի լավ առաջարկություն կա, ես կպաշտպանեի պարոն Փաշինյանի առաջարկությունը,- ծիծաղելով ասաց Հարությունյանն ու դիմեց Փաշինյանին,- Գրավոր կտաք, չէ՞»:
Փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ առաջարկ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը, ինչը լրագրողներից որևէ մեկը չի լսել, սակայն պատգամավորները հրաժարվեցին՝ ասելով. «Դե որ չի լսվել, ուրեմն՝ չի լսվել»