Էդուարդ Շարմազանովը Ստեփան Մարգարյանի կոչ արեց արտահայտություններում լինել հնարավորինս զգույշ

Այսօր Աժ նիստում օրակարգի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ, թեև ԱԺ-ն պետք է շարունակի աշխատել, այնուամենայնիվ հասարակության օրակարգն այլ է՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ: Նա կոչ արեց ՀՀ վարչապետի հետ խելամիտ ժամկետում փակ նիստում քննարկել եղած հարցերը:

«Մենք չենք կարող, որ ԱԺ-ն ձև անի, թե բան չի եղել, քննարկելու բան չունենք: Մենք ունենք լուրջ քննարկելու բան և ունենք նաև անելիք»,- ասաց Ս.Մարգարյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց արտահայտություններում լինել հնարավորինս զգույշ, քանի որ ԱԺ-ն «ձև չի արել», առաջին իսկ օրից կապի մեջ է եղել բանակի, ԼՂ-ի, ՊՆ-ի հետ: Նա շնորհակալություն հայտնեց խմբակցությունների ղեկավարներին համերաշխության համար և նշեց, որ արդյունավետության համար պետք է որոշել ու քննարկել, թե ինչ ֆորմատով կազմակերպել քննարկումները:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ կա մի կարևոր խնդիր այս ծանր օրերին, երբ Նալբանդյան-Լավրով բանակցություններն էին ընթանում՝ ավելի շատ ինֆորմացիա ստանում ենք ռուսական մամուլից, իսկ մեր ԱԳՆ-ն հարմար չի գտնում համապատասխան տեղեկություններ տալ:

Նա առաջարկեց, որ ԱԳ նախարարը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաղորդագրություն ներկայացնի ՀՀ և ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված և չպատճառաբանի հանկարծ, որ դա տեխնիկական խնդիր է, նաև հաղորդում ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված:

Է.Շարմազանովը հայտարարեց, որ Նալբանդյանը ասուլիսներում մանրամասն ներկայացրել է բանակցություները, իսկ նրա բացակայության ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը փակ նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին:

«ՀՀ դիրքորոշումը ԼՂՀ հարցում չի փոխվել, ՀՀ-ն եղել և մնում է ԼՂ ժողովրդի և հանրապետության անվտանգության երաշխավորը: ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Այսօր ԼՂՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական, անկախ հանրապետություն է: Եվ ամենակարևորը՝ առանց ԼՂ մասնակցության որևէ մեկը չի կարող լուծել ԼՂ ժողովրդի և հանրապետության ճակատագիրը»,- որպես իշխանության ներկայացուցիչ հայտարարեց Է.Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս