«Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը». Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար: «Ճշմարտությունը ընդունելու հարցում առաջին հերթին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը և որքան շուտ, այնքան լավ: Աշխարհը ևս անելիք ունի այդ հարցում: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հետագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: