Պարտության դեպքում կշնորհավորեմ Սասուն Միքայելյանին. Արամ Դանիելյան. Armtimes.com

Հրազդան քաղաքի թիվ 25/20 ընտրատեղամասում իր քվերակությունը կատարեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվերակել է հանուն կայուն եւ խաղաղ Հրազդանի: Նրա խոսքով՝ ինքն իր թիկունքում 14 տարի տեսել է հրազդանցիներին, հրազդանցիները՝ իրեն:

Armtimes.com-ի հարցին՝ Սասուն Միքայելյանի հանրահավաքում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտարարեց, որ դուք սեռական բնույթի հայհոյանքներով եք խոսում քաղաքապետարանի աշխատակազմի հետ, ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությունը, Արամ Դանիելյանն ասաց. «Դրանք հերյուրանքներ են: Եթե մի անձնավորություն 14 տարի կրթության բաժնի վարիչ է աշխատել, եւ ինքը 14 տարի մեր աշխատակազմում աշխատել է, եւ ինքը հրապարակայնորեն փնովում ա էտ բնագավառը, ես խոսեքեր չունեմ ասելու»:

Անդրադառնալով իր շտաբի պետերից մեկի նկատմամբ «բռնության» դեպքին, Արամ Դանիելյանն ասաց, որ առավոտից անկայունություն է սերմանվել տեղամասերում եւ ինքն իր համակիրներին խնդրել է առճակատման չգնալ, իսկ իրավապահներն այժմ զբաղվում են այդ խնդրով: Արամ Դանիելյանը չի լսել, որ Սասուն Միքայելյանի շտաբից ասել են, որ այդ մարդը ընտրակաշառք է բաժանել:

ՀՀԿ-ական քաղաքապետից հետաքրրքվեցին՝ պարտվելու դեպքում կսեղմի՞ Սասուն Միքայելյանի ձեռքը. «Ես կարծում եմ, որ ես չեմ պարտվելու: Կշնորհավերեմ, ես այն մարդն եմ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, տարիները միշտ ցույց են տվել՝ հաղթողին պետք է շնորհավորես»,- ասաց Արամ Դանիելյանը՝ նշելով, որ հաղթանակի դեպքում առանց հրավառության կտոնի այն:

Դիտարկմանը, որ Արտաշատից ավտոբուսներով մարդիկ են այսօր եկել Հրազդան, Արտաշատում բարեկամներ ունե՞ք, նա արձագանքեց. «Մենք բոլոր տեղ էլ բարեկամներ ուննենք, որովհետեւ ՀՀ-ն շատ փոքր հանրապետություն է: Մարդիկ եկել են, իմ համախոհները եկել են ինձ աջակցեն: Էտ խի՞ չեք ասում, որ 20 օր ա Իջեւանից, Երեւանից, Կիրովականից, Լեննականից մարդիկ ստեղ քարոզչություն են անում, դրա մասին չեք ասում: Էսօր մարդիկ, որ եկել են ինձ աջակցեն կիրակի օրով, ինձ ասում եք…»: Արամ Դանիելյանը պնդեց, որ այլ բնակավայրերից մարդիկ եկել են, որ իրեն բարոյապես աջակցեն: «Աջակցելը կա բարոյական, հոգեբանական, կողքիս կանգնելու են, ինչպե՞ս պետք է աջակցեն: Եթե ստեղի գրանցում չունեն, ինչպե՞ս պետք է անեն»,- ասաց Արամ Դանիելյանը՝ նշելով, որ չի տեսել ավտոբուսներով մարդկանց:

Քվերակությանը ՀՀԿ-ական քաղաքապետը եկել էր «Ռենջ Ռովեր» տեսակի ավտոմեքենայով, որն իր խոսքով, իր անձնական միջոցների հաշվին է գնել: Հարցին՝ քաղաքապետի աշխատավարձը թույլ տալի՞ս է նման մեքենա գնել, նա պատասխանեց. «Ոչ, ես բիզնես էլ ունեմ, իմ բարեկամների բիզնեսների օգնությամբ»: Դանիելյանը վստահեցնում է, որ դժվար չի քաղաքապետի պաշտոնը համատեղել բիզնես գործունեության հետ:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս