Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994թ. համաձայնագրի վերանայմանը, ինչը կծառայի Ռուսաստանի և Ադրբեջանի շահերին. Ռուբեն Մեհրաբյան
«Պետք է դիսկվալիֆիկացիայի ենթարկել հայկական դիվանագիտությունն ու պաշտոնից հեռացնել Էդվարդ Նալբանդյանին»,- այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:
Մեհրաբյանն ասաց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա զինադադարի մասին համաձայնագրի վերնայմանը, որովհետև դա հանգեցնելու է զինադադարի պահպանման ձևաչափից Լեռնային Ղարաբաղի դուրսբերման, ինչն Ադրբեջանի ու Ռուսաստանի ցանկությունն է: Սակայն, նրա խոսքով, կա պայմանագիր ու կա խնդիր, որը հետևյալն է` 1994թ. զինադադարի պայմանագիրը թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը իր այս սանձազերծած հարձակումը ԼՂ-ի վրա չգործի: Մեհրաբյանի կարծիքով, համաձայնագրին ձեռք չտալով, հարց պետք է բարձրացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված նոր ռեժիմները իրականացնելու մասին, այն է՝ վստահության միջոցառումների միջազգային մեխնիզմների ներդրում՝ իր ռազմատեխնիկական բաղադրիչով, հետաքննությունների մեխանիզմի ներդրում զինադադարի ռեժիմի հնարավոր խախտումների վերահսկման նպատակով:
«Հայկական կողմն այսօր անելիք շատ ունի: Դիվանագիտության խնդիրն է` ուղղել Ռոբերտ Քոչարյանի սարսափելի, այլ խոսքերով չբնութագրեմ, սխալը, ԼՂ-ն պետք է լինի բանակցության կողմ, ԼՂ ճակատագիրրը հնարավոր չէ լուծել առանց ԼՂ»,- ասաց Մեհրաբյանը` շարունակելով, որ այն դիվանագիտությունը, որը վարում էր հայկական դիվանագիտական կորպուսը մինչ ապրիլի 1-ը, պետք է դիսկվալիֆիկացիայի ենթարկվի, իսկ ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է հեռանա կամ հեռացվի պաշտնից:
«Մեզ պետք է այլ դիվանագիտություն, և մեզ պետք է այլ որակի աշխատանք, հայ զինվորն այսօր հերոսաբար պաշտպանելով սահմանը գերազանց հաղթաթղթեր է տվել հայկական դիվանագիտությանը: Հիշեք, որ չորսուկես օրվա պատերազմը չափազանց մեծ ժամանակ է, չմոռանանք, որ ռուս-վրացական պատերազմը տևեց հինգ օր, իսկ չորսուկես օրվա ընթացքում նախահարձակ Ադրբեջանը զրո արդյունքներ գրանցեց մեծ հաշվով, թեև նրա գործողություններն ուղղված էին ստատուս քվոն փոխելուն: Փոխե՞ց։ Ոչ, ու դա տեղի ունեցավ բացառապես հայ զինվորի քաջության շնորհիվ: Այսօր մեզ պետք է համապատասխան որակի դիվանագիտություն, որը իմ կողմից նշված կետերը կիրականցնի: Բացվել են արտքին քաղաքականության համար հիանալի պատուհաններ, այսօր ՀՀ իշխանության, հասարակության պարտքն է, որպեսզի այս հնարավորության պատուհանները դառնան իրականացված հնարավորություն»,- նման տեսակետ հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը: