«Թումոն»՝ աշխարհի ամենանորարար դպրոցների առաջատար
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ֆրանսիական «We Demain» ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Ըստ վարկանշային սանդղակի՝ առաջին տեղում Հայաստանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է: Տասնյակում ընդգրկված են այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են Սիլիկոնային հովտի «AltSchool»-ը, Տոկիոյի «Fuji Kindergarten»-ը, «Steve Jobs Schools»-ը:
Տեղեկացնենք, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիրը է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Բացումից ի վեր, «Թումոն» 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։
Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը «Թումո» աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։
Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումներն ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։ «Թումոյի» չորս հիմնական ոլորտներն են անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը։ Կրթական ոլորտների հետ մեկտեղ, ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը, և այլն։ Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
2015-ի մայիսին բացվելէ Գյումրիի «Թումո» կենտրոնը, իսկ 2015-ի սեպտեմբերի 2-ին «Թումո» կենտրոն է բացվել նաև ԼՂՀ մայրաքաղաքում: Կենտրոնի բացում է սպասվում Ջավախքում: Գործակցությունը միտում ունի տարածել «Թումոն» Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև՝ երկրի սահմաններից դուրս: