«Թուրքիան ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է գործում». Սոս Գիմիշյան
«Այսօրվա վիճակն աշխարհաքաղական գերշահերը գնահատելով պետք է փորձենք հասկանալ։ Վերջին 25-30 տարիներին ԱՄՆ-ը միանձնյա կառավարում էր ամբողջ աշխարհը ու վատ էր կառավարում. բազմաթիվ պատերազմներ, ընդհարումներ, արյունահեղություններ եղան: Վերջին 25-30 տարիների ընթացքում Չինաստանն իր տնտեսության կտրուկ աճի շնորհիվ տնտեսապես փաստացի հավասարվել է ԱՄՆ-ին: Իսկ Ռուսաստանը վերջին 15 տարվա մեջ իր ռազմական ներուժը նույնպես համարյա հավասարեցրել է ԱՄՆ-ին: Այստեղից գալիս է միաբևեռ կամ բազմաբևեռ կառավարման խնդիր»,- այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջին տարիներին Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել. «Բայց, ի վերջո, թուրքն իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային օգտագործում է Արևմուտքը։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ չհամաձայնեցնելով՝ կարող է այդ կարգի խոշորագույն քայլերի գնալ: Դրանք քաղաքական խաղեր են: Թուրքիան լավ էլ կատարում է իր դերը, որը հետևյալն է՝ Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ Եվրոպան չհզորանա, թուլանա, այնպես որ, Թուրքիան այստեղ՝ և՛ Սիրիայի հետ կապված հարցում, և՛ փախստականների հետ կապված հարցում, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է գործում»։
Նա նկատեց՝ ԱՄՆ-ը երկար տարիներ խնդիր է դրել Քուրդիստան վերականգնելու, ինչը, ըստ նրա՝ վտանգավոր է Թուրքիայի համար. «Թուրքիան փորձում է այսօր առավելագույնս ծառայություն մատուցել ԱՄՆ-ին, որ նա այդ խնդրից հետ կանգնի: Մեզ համար սա ձեռնտու է, առավել ևս նրանից հետո, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, և այսօր Ռուսաստանն էլ է սկսել քրդերին օգնել: Հայաստանը պետք է լավագույնս հասկանա՝ իսկապե՞ս մինչև վերջ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ուզում են Քուրդիստան ստեղծել, եթե դա այդպես է, ապա մենք այս հարցում պետք է ակտիվություն ցուցաբերենք. դիվանագիտական, քաղաքական, իսկ եթե հարմար պահ լինի՝ նաև անուղղակի ռազմական մասնակցություն ունենալ»: