Մոնդելչին և կամերային նվագախումբը Հայաստանում կկատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր
Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ընթացքում կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների գործեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Timeless Melodies խորագրով համերգը: «Նվագախումբը և Մոնդելչին կկատարեն Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերը: Համերգը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը»,- տեղեկացրին կենտրոնից:
Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկ ավարությամբ Միլանի դելա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Նա համերգների ժամանակ հանդես է գալիս որպես սաքսաֆոնահար և դիրիժոր: