Բաժիններ՝

«Արտակարգ իրավիճակը Երևանում է, ոչ թե սահմանում…»

Ինչպես հայտնի է, վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև՝ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես՝ հրաձգային զենքեր, այնպես էլ՝ 60 և 82 մմ-անոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ըստ ՊԲ-ի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից:

«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանի գնահատմամբ՝ դա միշտ Ադրբեջանի գործելակերպն է եղել: 168.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ, իհարկե, իրավիճակը լարված է, իհարկե, Ադրբեջանն իր ներքին քաղաքականությունը կառուցել է արտաքին ագրեսիայի, այդ «զավթողական, գիշատչական» քաղաքականության վրա և խոստացել է իր ժողովրդին, որ կհաղթի. «Հա, բայց չի կարողանում, չէ՞, եթե չի կարողանում, դա նշանակում է՝ անընդհատ սենց մանր-մունր ընդհարումներ պետք է ստեղծի»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խուսափել նման դեպքերից, կամ ի՞նչ պետք է անի հայկական կողմը, որ նման դեպքեր քիչ լինեն, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ալիևին պետք է հրամայի այլևս չկրակել: Այստեղ տրամաբանություն չկա, մենք ինչպե՞ս կարող ենք որոշել մեկ այլ երկրի ներքին և արտաքին քաղաքականության եզրագծերը, դա անհնար բան է: Այստեղ ո՛չ մեր պետության քաղաքականության խնդիրն է, ո՛չ էլ մեր ժողովրդի մտածողության կամ ցանկության խնդիրն է, սա իրողություն է, որ մենք շրջապատված ենք թշնամիներով ու միշտ պետք է պատրաստ լինենք նմանատիպ հարձակումների: Իսկ որ ասում են՝ զոհեր և այլն, կամ արտակարգ իրավիճակ, ես ասել եմ, որ արտակարգ իրավիճակը դա Օպերայի շրջակայքն է, ու մեր ավտոճանապարհները, որտեղ ավելի շատ մարդիկ են զոհվում, քան ճակատային գծում: Արտակարգ իրավիճակ է Երևան քաղաքում, օլիգարխների կատարած գործողությունները, որոնց ընթացքում ավելի շատ զոհեր ենք ունեցել, ու պետք չէ ուռճացնենք այն, ինչ սահմանում է տեղի ունենում»:

Մեր այն դիտարկմանը, թե ամեն անգամ նման դեպքերի ժամանակ շատերն ասում են, որ նման դեպքերից կարելի է խուսափել, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա ադրբեջանական կողմին՝ զսպելով նրա գործողությունները, Ս. Շահինյանը չհամաձայնեց՝ ասելով.

Կարդացեք նաև

«Ավելի խելոք թող չլինեն էլի նրանք, քան պաշտպանության բանակի հրամանատարությունն է, այն մարդիկ ամբողջ օրը դրանով են ապրում: Ես բազմաթիվ սպաների գիտեմ, որ ամբողջ օրը դրա մեջ են, նրանք լրիվ ուրիշ մտածողություն ունեն: Իրենք գիտեն իրենց գործը և հրաշալի անում են, ավելի լավ անել չի կարելի, իսկ նրանք, ովքեր ասում են՝ «ուժեղ հարված տանք», և այլն, բացի մի քանի հոգուց, թող գնան իրենց սիրելի մարդկանց գրկախառնվեն և տեղափոխվեն մեկ այլ ճակատ, ոչ թե մեր ճակատ, մեր ճակատում պետք է կանոնավոր զորք կռվի: Թող գնան, ասենք, Ռուսաստանի կողմից ու ազատագրեն հայկական հողերն Ադրբեջանից, թող մեր գլուխը չցավեցնեն իրենք հիմար զառանցանքներով: Եթե հնարավոր լիներ, ձեզ ի՞նչ է թվում, դեռև 1990-ական թվականներին մենք այդ խնդիրը լուծած չէի՞նք լինի: Հնարավոր չէ լիքը պատճառներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական… Որովհետև հաղթելուց հետո՝ մենք պետք է կարողանանք ապրենք նաև»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս