Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ. կալանավորն անհիմն մեղադրել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Հայկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է հիշյալ հիմնարկի աշխատակիցներին:
Մասնավորապես՝ Հայկ Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն ու օպերատիվ բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ ճնշումներ գործադրելով, հորդորել են ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ինքը ինքնավնասում է կատարել:
Մի քանի օր անց նույն պաշտոնատար անձինք կրկնել ու պնդել են նշված պահանջը, սակայն իրենից մերժում ստանալով, արգելել են տեսակցել մորը, որի պատճառով երկրորդ անգամ է ինքնավնասում կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակից Հայկ Գ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Հայկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Հայկ Գ.-ն քրեական գործի նախաքննության փուլում հայտնել է, որ իրականում ինքնավնասումների դիմել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ չտեղափոխվելու պատճառով:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրել և իր նկատմամբ որոշակի սահմանափակումներ չեն կիրառել: Այս կերպ` քրեական դատավարության մասնակից Հայկ Գ.-ն, գիտակցելով, որ իր կողմից մատնանշված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայկ Գ.-ի արարքում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: