Մոսկվայում մեկնարկել է Քերիի և Լավրովի հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Քերին երեկ Մոսկվա է ժամանել երկօրյա այցով: Սա Քերիի՝ մեկ տարում արդեն երրորդ այցն է Մոսկվա:
Վերջին անգամ նա Ռուսաստան էր ժամանել 2015թ. դեկտեմբերին:
Լավրովը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվելու են միջազգային հարթակում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: Հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտադիր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շարադրել, թե ինչպես են պատկերացնում այդ համագործակցությունը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հանդիպմանը նախ և առաջ քննարկվելու է սիրիական կարգավորումը, ինչպես նաև այլ խնդիրներ՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաև այն, թե ինչպես է միջազգային հանրությունը նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:
Լավրովը հույս է հայտնել, որ բանակցությունները օգտակար կլինեն:
Քերին, իր հերթին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտեցումներ են որոնում, որպեսզի առաջ շարժվեն խնդիրների լուծման հարցում: Նրա խոսքով՝ ՌԴ-ին ու ԱՄՆ-ին «հաջողվել է առաջընթաց արձանագրել» բազմաթիվ բարդ հարցերում:
Քերին ասել է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համագործակցությունը թույլ է տվել Սիրիայում առաջընթաց գրանցել, ու թեև զինադադարը փխրուն է, լավն այն է, որ բռնությունների մակարդակը կրճատվել է: Իր հերթին, Լավրովն ասել է, որ Սիրիայում հաջողության բանալին այն է, որ երկու երկրները կարողացել են հետաքրքրությունների հավասարակշռություն ձևավորել ոչ միայն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, այլև բոլոր կողմերի՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Հանդիպմանը ներկա է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
Նախօրեին Քերին արդեն հանդիպել է ՌԴ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պլանավորված է նաև նրա հանդիպումն ամերիկացի տիեզերագնացների հետ: