«Լևոն Զուրաբյանը երբեք ինձ համար հեղինակություն չի եղել». Լյուդմիլա Սարգսյանը` իր և ՀԱԿ խմբակցության լարված հարաբերությունների մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով իր և ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի ու կուսակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարաբերությունների մասին՝ ասաց որ չկա որևէ հակամարտություն, չկան ոչ մի հարաբերություններ.

«Ես շարունակում եմ նույն կերպ հարգել և ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ՀԱԿ բոլոր անդամներին նույն կերպ վերաբերվել: Սրված հարաբերություններ լինում են, երբ լինում են հարաբերություններ, երբ չկան հարաբերություններ, չի լինում նաև լարվածություն: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանին, ինքը երբեք ինձ համար հեղինակություն չի եղել, որ ես ստիպված լինեմ ինչ-որ հարաբերությունների հստակեցում մտցնել կամ փորձել մեղմել այդ լարվածությունը, չկա նման բան: Մեզանից ոչ մեկը դատապարտված չի մշտապես նույն քաղաքական ուժի հետ հեռանկարներ նախանշելու իր համար, հատկապես, երբ ներսում բազմաթիվ խնդիրներ են եղել և բազմաթիվ անարդարություններ` այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ: Հետևաբար՝ շատ հարգում եմ թիմի շատ անդամներին, բայց մենք ունենք մեր տեսլականն ապագայի նկատմամբ և կփորձենք գտնել այն քաղաքական ուժերին, ում հետ մեր համագործակցությունը և՛ գաղափարական կլինի, և՛ նպատակային»:

Հարցին` նախորդ ճեպազրույցի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս՝ նշեց, որ նա ավտորիտարիզմի կնքահայրն է, ինչքանո՞վ է նպատակահարմար նման բան վերագրել առաջին նախագահին, նա պատասխանեց.

«Զարուհի Փոստանջյանը շատ կոնկրետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրը լուծել այս կամ այն վաստակաշատ քաղաքական գործիչներին, պետական գործիչներին հարվածելու արդյունքում: Ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ քո տեղն ամրացնելու համար պետք է ուրիշներին հարվածել: Ես կարծում եմ` ավելի ազնիվ մոտեցում է, երբ դու քո տեսակով, քո սկզբունքներով, քո քաղաքական տեսլականով կարողանում ես քո սեփական իմիջը ձևավորել, և ոչ թե՝ անպայման մեկ ուրիշին ոչնչացնելու գնով: Հետևաբար՝ Զարուհի Փոստանջյանի քաղաքական պահվածքն ինձ համար երբեք ընդունելի չի եղել` դա վերաբերի Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ մեկ ուրիշին: Ես նման վարքագծի մարդ չեմ և երբեք ուրիշներին հարվածելով` չեմ փորձում երևալ քաջ, ամենա-ամենա ընդդիմադիր և դրանով ինչ-որ տեղ նաև ձայներ ապահովել այն հատվածի շրջանակներում, ովքեր քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս