Վահրամ Բաղդասարյանը կասկածներ ունի, որ ՀԱԿ որոշ գործիչներ չեն լինի հաջորդ խորհրդարանում
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խիստ կասկածներ ունի, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո ՀԱԿ խմբակցության պատգա մավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը խորհրդարանում չեն հայտնվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ընտրական օրենսգիրքը քննադատեռլու նրանց շարժառիթն այլ է: «Գիտեն իրենց ճակյատագիրը, իրենց ռեսուրսները, դրա համար քննադատում են: Իրենց ճակատագիրը գիտեն: Գիտեն, որ իրենք դատապարտված են, գիտեն, որ այս ժողովուրդն իրենց տեսել է, էլ չի վստահելու ու վտանգի տակ են նույնիսկ խորհրդարան գալու համար: Ես խիստ կասկածներ ունեմ, որ առաջիկա ընտրություններից հետո նրանք խորհրդարանում կհայտնվեն»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Հարցին, թե հիմնավո՞ր համարում է ՀԱԿ-ի քննադատությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «ՀԱԿ ասելով` ո՞ւմ նկատի ունեք։ Մեջբերեք, օրինակ, թե ինչ էին ասում Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը․․․ ՀԱԿ-ը լայն հասկացություն է։ Ասեք՝ ՀԱԿ-ից ինչ-որ քաղաքական գործիչներ, որոնք չեն ուզում ոչինչ տեսնել, դրական ոչինչ տեսնել չեն ուզում, գիտեն իրենց ապագա ճակատագիրը, գիտեն իրենց ռեսուրսները, դրա համար պետք է անընդհատ վրեժխնդրությունը ժողովրդից հանեն, շպրտեն, կեղտոտեն, ցեխոտեն՝ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» վերնագրով շարժվելով առաջ»։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եթե քննադատող այդ գործիչները բացասականի մեջ նկատեին նաև դրականը, ընդունեին, որ կան նաև լավ կողմեր ու առաջարկեին աշխատել թերությունները շտկելու վրա, իրենց հետ կտարվեր աշխատանք, հակառակ դեպքում՝ անիմաստ է։ «Այս փաստաթղթում կան իրենց մտահոգությունների լուծումները, պարզապես իրենք տեսնել չեն ուզում։ Այդ մարդիկ ունակ չեն որևէ բան ընկալել, երբ դա առաջարկում է իշխանությունը»,- ասաց պատգամավորը։