«Կուսակցությունը Դատախազություն չէ, որ քրեական գործեր բացահայտի». Արմեն Բադալյանը՝ Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին

«Իրականում մենք չենք կարող ասել՝ ով է կանգնած այդ կուսակցության հետևում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ եթե երևա՝ ով է տվյալ կուսակցության հետևում կանգնած, ուրեմն՝ ի սկզբանե այդ կուսակցությունը ճիշտ չի ստեղծվել, սխալ քաղաքականություն է իրականացնում:

«Պետք է որոշակիորեն սպասել՝ այդ կուսակցությունն ինչ ուղղվածություն է ունենալու և ինչ քայլեր է իրականացնելու, որովհետև այդ կուսակցությունը դեռ չստեղծված՝ ունի արդեն երկու գործոն՝ ուժեղ և թույլ: Թույլ գործոնն այն է, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է Վարդան Օսկանյանը, որն ընդգծված խարիզմատիկ լիդերի հատկանիշներ չունի, բայց դա միաժամանակ նաև ուժեղ գործոն է հանդիսանում: Կախված այդ կուսակցության գործունեությունից՝ կտեսնեք՝ այդ գործոններից որը կգերիշխի, որովհետև այդ երկուսն էլ միաժամանակ կան»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա պարզաբանեց, որ Վ. Օսկանյանի խարիզմատիկ լիդեր չլինելը թույլ գործոն է այն առումով, որ լիդերի խարիզմատիկ լինելն օգնում է, որ նա հեշտությամբ կողմնակիցներ հավաքի, իսկ ուժեղ գործոն է հանդիսանում այն առումով, որ, երբ կուսակցության լիդերն ընդգծված խարիզմատիկ լիդերային հատկանիշներ չունի, շեշտադրումը կատարվում է կուսակցության գաղափարախոսության վրա. «Դա դժվար է ստեղծել, բայց դա ավելի կայուն է, քանի լիդերային կուսակցությունը, որովհետև բոլորիս աչքի առաջ տեսանք՝ ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում լինելու է Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը:

Ա. Բադալյանի խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանում ստեղծվող ցանկացած ուժ պետք է հայտարարի, որ իր նպատակը Մարտի 1-ի գործի բացահայտումն է, և այլն: Սակայն իրականում, ըստ նրա՝ կուսակցությունը ստեղծվում է ոչ թե՝ նրա համար, որ այս կամ այն քրեական գործը բացահայտի, այլ՝ որպեսզի երկրի իրավիճակը կարողանան փոխել, իրենց գործողություններով ցույց տան, որ իրենք շարժվում են դեպի դրական, լուսավոր ապագան. «Կուսակցությունը Դատախազություն չէ, որ քրեական գործեր բացահայտի»:

Ա. Բադալյանը Վ. Օսկանյանի այդ քայլը որակեց «սովորական» քայլ, որն անում են աշխարհի բոլոր երկրներում՝ կողմնակիցներ գրավելու համար. «Որ ասեն՝ ահա, իշխանության գալով՝ նրանք այդ կարևոր հարցը կլուծեն»:

Տեսանյութեր

Լրահոս