Բաժիններ՝

Ինչ պոմպակայանում է եղել Պերմյակովը

Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Դատարանն այժմ հետազոտում է քրեական գործի ապացույցները:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը հրապարակեց փորձաքննության եզրակացությունը, որի հետևությունների համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված Վալերի Պերմյակովից ստացված մազի և արյան նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Ներկայացված արյան նմուշում ալկոհոլ չէր հայտնաբերվել: Փորձաքննության էին ներկայացվել նաև 102-րդ ռազմաբազայի 12 զինծառայողներից վերցված նմուշներ, որոնցում թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր չէին հայտնաբերվել, չէր հայտնաբերվել նաև ալկոհոլ:

Ի դեպ, քրեական գործի նյութերի հրապարակման ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեում) գրություն է հասցեագրել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովին, որով խնդրել է թույլ տալ հարցաքննել մի քանի անձանց: Հրապարակվեց տեղանքի զննության արձանագրությունը, որի ընթացքում սահմանապահ ծառայության աշխատակիցը մատնացույց էր արել այն տարածքը, որտեղից հայտնաբերել էին ամբաստանյալ Վալերի Պերմյակովին: Աշխատակիցը հայտնել էր, որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:05-ին, իր դիտակետից նկատել է լապտերի լույս, ապա նկատել են շարժվող անձի, բռնել նրան: Հրամայել են նրան կանգ առնել, սակայն նա շարունակել էր քայլել, ապա բացականչել է՝ կանգ առ, կկրակեմ, սակայն դա էլ չի կանգնեցրել նրան, իրականացվել է մեկ նախազգուշական կրակոց: Նշենք, որ փաստաթղթին կցված էին նաև լուսանկարներ պոմպակայանից, որտեղ, ըստ Վ. Պերմյակովի ցուցմունքի, նա որոշ ժամանակ մնացել է, որտեղ, ըստ մեղադրողի, առկա են նաև ծածկոցներ. «Հարց էր առաջանում՝ արդյոք չէ՞ր սառի, չէ՞ր մրսի Պերմյակովն այդտեղ գտնվելու ընթացքում: Դա է կարևոր հանգամանք, որ որքան էլ կեղտոտ, աղտոտված լինի, ծածկոցներ կան, հագուստներ կան: Սրա վրա էի ցանկանում ուշադրությունը հրավիրել»: Քրեական գործում առկա էր նաև Քննչական կոմիտեի պաշտոնյայի գրությունը՝ ՌԴ քննիչին, որով վերջինս խնդրել էր ՀՀ քննչական կոմիտեին տրամադրել Վալերի Պերմյակովին հայտնաբերելու պահին նրա հագին եղած հագուստը, նրա մոտից առգրավված հեռախոսները՝ դատագենետիկական, դատակենսաբանական, դատաապրանքագիտական և համակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:

Permyak (6) Permyak (5) Permyak (4) Permyak (3) Permyak (2) Permyak (1)

Կարդացեք նաև

Հրապարակվեց դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45×39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ըստ եզրակացության՝ ինքնաձիգի փողում առկա են կրակոցի արգասիքներ, սակայն կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ՝ համապատասխան գիտական հիմնավորված գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով: Փորձագետներն արձանագրել էին, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։

Ավետիսյանների բնակարանի նախասրահում հայտնաբերվել էր ծխախոտի տուփ, որի մեջ ծխախոտի 1 գլանակ է եղել: Դրա վերաբերյալ նշանակվել էր փորձաքննություն, Վալերի Պերմյակովից նմուշ էր վերցվել: Փորձաքննության եզրակացության հետևությունների մասի համաձայն՝ ծխախոտի 1 մնացորդի վրա հայտնաբերվել է մարդկային ծագման թուք, որը, սակայն, չէր կարող առաջանալ Արմեն Ավետիսյանից և Վալերի Պերմյակովից:

Ավետիսյանների տան զննության ընթացքում կից խոհանոցից հայտնաբերվել էին և առգրավվել զինվորական կիսաճտքավոր ձմեռային կոշիկներ, իսկ  խոհանոցից՝ զինվորական ձմեռային բաճկոն, վերնազգեստ, տաբատ, ձեռնոցներ, գլխարկ, շարֆ: Զննությամբ հայտնաբերվել էին նաև սվին-դանակ և արնանման կասկածելի հետքեր: Իրերն ուղարկվել էին փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ ձմեռային բաճկոնի օձիքի, անդրավարտիքի, գլխարկի, ձեռնոցների, կիսաճտքավոր կոշիկների վրա հաստատվել է քրտինքի առկայություն, որը պատկանում է մարդու: Դրանց մի մասը, ըստ եզրակացության, առաջացել են արյան O խումբ ունեցող անձից, այդ թվում՝ կարող էին առաջանալ Վալերի Պերմյակովից: Թաշկինակի վրա ևս հետքեր էին հայտնաբերվել, սակայն, ըստ եզրակացության, դրանք չէին կարող թողնվել Վալերի Պերմյակովի թքի հաշվին: Հետագայում դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99,99% հավանականությամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ ԴՆԹ են անջատել սվին-դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին-դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99,99% հավանականությամբ համընկել  է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Վ.Պերմյակովի գենետիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև «AKC 74» տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս