«Պետք է հնարավորություն ընձեռել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին՝ կատարել պատշաճ վերահսկողություն». Դավիթ Հարությունյան

Ընտրական օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող ԸՕ-ի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, ԸՕ-ի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ ընտրական ողջ գործընթացի ժամանակ պետք է հնարավորություն ընձեռել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին՝ կատարել պատշաճ վերահսկողություն:

Նրա խոսքով՝ կան տեսակետներ, թե մարդիկ քվեարկում են իրար փոխարեն: «Եթե վստահված անձինք չեն կարողանում հետևել գործընթացին՝ փորձեցինք օբյեկտիվ մեխանիզմ մտցնել: Դրա համար առաջարկում ենք ներառել էլեկտրոնային բազա: Եթե անձին չեն գտնում ցուցակում, հայտարարում են, որ նա եկել է սխալ ընտրատեղամաս, ընդ որում, այս տեղեկությունը պետք է լինի մեծ մոնիտորի վրա, որ այն վստահված անձը, որը նստած է հանձնաժողովի անդամների միջև, կարողանա դա տեսնել: Եթե անձն այդ ցուցակից է և առաջին անգամ է ներուծում փաստաթուղթը սարքի մեջ, ապա վառվում է կանաչ լույս, իսկ եթե անձի փաստաթուղթն արդեն ներմուծված եղել է սարքի մեջ, ապա վառվում է կարմիր լույս, ինչը վկայում է, որ անձը փորձ է անում քվեարկել երկրորդ անգամ: Կանաչ լույս վառելու դեպքում սարքը պետք է տպի կտրոն, որն էլ հիմք է՝ մասնակցելու ընտրության և քվեարկելու»:

Դ. Հարությունյանի խորին համոզմամբ՝ գործընթացի այս հատվածը թույլ է տալիս ապահովել, որպեսզի բացակա անձանց քվեարկությունը բացառվի և հասցվի նվազագույնի:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս