Bulgari-ն օձը վերածել է մանյակի
ժամացույցների եւ ոսկերչական Bulgari իտալական բրենդը ներկայացրել է Serpenti շարքի երկու նոր մանյակներ:
Ներկայացված մոդելներից մեկը պատրաստված է վարդագույն ոսկուց եւ զարդարված ադամանդներով, երկրորդը պատրաստված է պլատինից եւ զարդարված հազվագյուտ զմրուխտներով, օձի գլուխը պատրաստվել է խոշոր կուլոնի տեսքով:
Երկու մանյակներն էլ ցուցադրել են Հռոմում կազմակերպված SerpentiForm-ի ցուցահանդեսում: Ցուցադրանքում ներկայացված են ինչպես Bulgari-ի ոսկերչական արտադրանքներ, այնպես էլ անցյալ դարի հագուստներ, ինչպես նաեւ ժամանակակից նկարիչների եւ լուսանկարիչների ստեղծագործություններ: Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են հատկացրել այն հագուստներին, որոնք կրում էր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ցուցահանդեսն աշխատանքը կշարունակի մինչեւ ապրիլի սկիզբը:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը: