«Երգը կարող է նույնիսկ հեղափոխություն անել, եթե պրոֆեսիոնալ երգարվեստը զարգացած է երկրում». Արամ Սաթյան
Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված Էստրադային/հայրենասիրական երգի 2016 թվականի մրցույթ են հայտարարել:
Մրցույթը կանցկացվի «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրի ներքո, որի նպատակն է՝ աջակցել, խրախուսել և նպաստել հայ պրոֆեսիոնալ երգարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը:
Այս մասին հայտարարվեց այսօր Հայաստանի կոմպոզիտորների միությունում հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր գործիչ, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը և Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։
Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է մի քանի պատճառներով. «Երգը կարող է նույնիսկ հեղափոխություն անել, եթե պրոֆեսիոնալ երգարվեստը զարգացած է երկրում, ապա կարող է փոխել շատ բան: Հայտարարված՝ «Էստրադային/հայրենասիրական երգի» 2016 թ. մրցույթի հիմնական պատասխանատվությունը, իհարկե, ընկնում է Կոմպոզիտորների միության վրա, որովհետև բոլոր մտահոգություններն ու խնդիրներն այս առումով առաջին հերթին՝ կիսում են հենց պրոֆեսիոնալ կոմպոզիտորները: Այս մրցույթի շրջանակներում մենք հետապնդում ենք մի գաղափար՝ համազգային միասնություն: Այս մրցույթը կարևոր է հենց նրանով, որ ստեղծվեն ներկայանալի հայրենասիրական երգեր, այնպիսիք, ինչպիսին էր ժամանակին Էդգար Հովհաննիսյանի «Երևան Էրեբունին», որ դարձավ Երևան քաղաքի հիմնը»:
Ասուլիսի բանախոսները ներկայացրեցին մրցույթի անցկացման պայմանները. մրցույթին կարող են մասնակցել ՀԿՄ անդամներ Հայաստանից, Արցախից և հայկական Սփյուռքից՝ առանց տարիքային սահմանափակումների: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրված լինեն Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կազմի և մենակատարի համար:
Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն այսօրինակ մրցույթի մտահղացման ու անցկացման մասին ասաց. «Երգը ուժ է, իսկ հայրենասիրական երգը՝ հատկապես շատ մեծ ուժ է: Ես հաճույքով եմ մասնակցում այս մրցույթին, որովհետև հայրենասիրական երգերի նկատմամբ իմ վերաբերմունքը բոլորովին այլ է՝ ես երբեք հատուկ պատվերով հայրենասիրական երգեր չեմ գրել, դրանք միշտ եղել են սեփական նախաձեռնության արդյունքում: Հենց այս պատճառով էլ ես վստահ եմ, որ այս մրցույթի ժյուրիի անդամ չեմ լինելու, որովհետև պատրաստվում եմ ներկայացնել հայրենասիրական երգի իմ տարբերակը»:
Ըստ մրցույթի անցկացման պայմանների՝ ներկայացված ստեղծագործությունները պետք է երբևէ հնչած չլինեն ռադիոյով և հեռուստատեսությամբ, կամ ներբեռնված լինեն համացանցում: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է լինեն համակարգչային նոտագրությամբ: Երգի տեքստի ընտրությունն ազատ է՝ ըստ կոմպոզիտորի հայեցողության, ընդունելի է նաև կոմպոզիտորի հեղինակած սեփական տեքստի օգտագործումը: Այս առումով ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանն ունի իր նախընտրությունը. «Իհարկե, երգի տեքստը նույնպես պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Ժամանակին երգի տեքստերը վստահվում էին պրոֆեսիոնալ և տաղանդավոր բանաստեղծների: Շատ հաջողված երգերի տեքստեր ունի Արամայիս Սահակյանը, օրինակ, երբ երգը լսելուց՝ հասկանում ես, որ գործ ունես բառի հետ, իմաստավորված և հուզական պատմություն կա երգում: Այս առումով ես կարծում եմ և համոզված եմ, որ մենք կհամագործակցենք մեր գործընկեր Գրողների միության հետ»:
Տեղեկացնենք, որ մրցույթն ունի մրցանակային ֆոնդ: Այս մասին հոգացել է մրցույթի կազմակերպող կողմ հանդիսացող Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը: Ասուլիսին մասնակից Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հատուկ ընդգծեց մրցույթի անցկացման կարևորությունը.
«Մրցույթի անցկացման համար տրամադրվել է ընդհանուր հաշվարկով՝ 42 մլն դրամ: Մենք մի նպատակ ենք հետապնդում՝ աշխուժացնել երկրում մտավոր կյանքը, աշխուժացնել ու բարձրացնել գիտական պոտենցիալը: Սա մեր ամենամեծ ու ամենահզոր հարստությունն է, որ մենք ունենք այսօր: Սփյուռքի նախարարության մասնակցությունն այս նախագծին պայմանավորված է համահայկական ֆորմատով, հատկապես, որ այս մրցույթն անց է կացվում՝ «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրի ներքո»:
Մրցույթը նախատեսում է 1 առաջին մրցանակային տեղ, 2 երկրորդ մրցանակային տեղ, 2 երրորդ մրցանակային տեղ, 2 խրախուսական և 1 հատուկ երիտասարդական մրցանակ՝ մինչև 30 տարեկան կոմպոզիտորի լավագույն երգի համար:
Ժյուրիի որոշմամբ՝ կարող է կատարվել մրցանակային ֆոնդի վերաբաշխում:
Մրցույթի առաջին փուլի մասնակցության հայտերն ընդունվում են 2016թ. մարտի 21-ից մինչև 2016թ. հունիսի 21-ը: Առաջին փուլում ընտրված 20 երգերը կանցնեն մրցութային 2-րդ փուլ: Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն 2016թ. հուլիսի 21-ին:
Մրցույթի երկրորդ փուլում համերգային կատարմամբ կներկայացվեն անցած 20 երգերը, որոնցից կընտրվեն 8 լավագույնները, և որոնց հեղինակները կարժանանան դրամական պարգևների: Երկրորդ փուլը կկայանա 2016թ. հոկտեմբեր ամսին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Մրցանակային ֆոնդն ունի հետևյալ պատկերը՝
1-ին մրցանակ (մեկ մրցանակ) – 1 մլն դրամ
2-րդ մրցանակ (երկու մրցանակ) – 750 000 դրամ
3-րդ մրցանակ (երկու մրցանակ) – 500 000 դրամ
Խրախուսական մրցանակ (երկու մրցանակ) – 300 000 դրամ
Հատուկ երիտասարդական մրցանակ էստրադային-հայրենասիրական երգի համար (մեկ մրցանակ) – 500 000 դրամ: