ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովի անդամներին ԸՕ-ի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ է ներկայացրել

«Վենետիկի հանձնախմբի, ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ մենք քննարկեցինք Ընտրական օրենսգրքի մեր առաջարկությունները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումից հետո:

Ա. Վարդանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ նույնիսկ մինչև օրենսգրքի մշակումը՝ իրենք մասնագիտական խմբի հետ ունեցել են քննարկումներ, և իրենց որոշ առաջարկություններ արդեն այս նախագծում իրացված են. «Օրինակ՝ այն, որ անկախ ամեն ինչից՝ ընդդիմությունը պետք է ունենա պառլամենտում տեղերի 1/3-ը, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր, կոալիցիաներ ունենում են, ասենք, բացարձակ մեծամասնություն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորություներն իրացնի: Սա այս նախագծում ամրագրված է»:

Նա նկատեց, որ այսօր ևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենք ներկայացրել են. «Դրանցից կարևոր է անձի նույնականացման հարցը, տեխնիկական միջոցների այնպիսի կիրառումը և այնպիսի միասնական բազայի ստեղծումը, որը կբացառի այլ անձի փոխարեն քվեարկելը, այլ տեղում քվեարկելը: Մեզ համար անհասկանալի է նաև դիտորդների և լրագրողների թվի սահմանափակումը, կարծում ենք՝ այստեղ ավելի շատ ինքնակարգավորման մեխանիզմ պետք է լինի: Որոշ խնդիրներ է առաջացնում նաև փոքրամասնություններին տրվող հարցերը: Եթե որևէ կուսակցություն ուզում է մասնակցել ընտրություններին, բայց ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի ուզում այդ ցանկում լինել, հայտնվում են կազուսի մեջ: Այնպես որ, բազմաթիվ են խնդիրները»:

Հարցին՝ կա՞ն հակասություններ ձեր և Վենետիկի հանձնախմբի տեսակետների միջև, Ա. Վարդանյանը պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովը բանավիճող կողմ չէ, նա լսում է իրենց և հետո իր եզրակացությունը կտա:

Կարդացեք նաև

Լրագրողի այն հարցին էլ, թե՝ ձեր տպավորությունն ինչպիսի՞ն էր Վենետիկի հանձնաժողովի անդամներից, Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տարբեր երկրներ ներկայացնող, պորֆեսիոնալ մարդիկ էին»:

Տեսանյութեր

Լրահոս