«Ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է». Վիգեն Սարգսյան
Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Այդ մասին հստակ դիրքորոշում է ներկայացրել Սահմանադրական դատարանը, որը համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում տրված փորձագիտական եզրակացությանը, ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ»,- ասաց Վ.Սարգսյանը:
Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:
Դիտարկմանը, թե հիմա անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ անվստահության մթնոլորտի դեմ հարկավոր է պայքարել: «Պետք է պայքարենք այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»,- ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունն ու հանրությունը թերահավատություն ունեն և պահանջում են ընտրական ցուցակների հրապարակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ թերահավատությունը լավագույն բարեկամը չէ:
«Ցուցակները հրապարակված են, դրանք շուտվանից գոյություն ունեն համացանցում, ռեգիստրը բոլորի համար բաց է: Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ` նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բն ականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»,- ընդգծեց նա:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցուցակների հետ կապված հարկավոր է նայել դինամիկան: «Մենք մշտապես ցուցակների հետ խնդիրներ ունեցել ենք, սակայն 2012-2013թթ. ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և գտնվում են շատ ավելի հաջող վիճակում: Այնուհետև, հաջորդ ընտրությունների ժամանակ սկսել է հայտնվել նոր ձևակերպում, որ կա ընկալում, թե ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների դեմ պայքարելն ավելի դժվար է, քան փաստերի: Այսինքն, եթե կան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, ովքեր չպետք է այնտեղ լինեն, եթե կան կրկնության դեպքեր, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ: Դա քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն է: Դրա համար կան վստահված անձինք, կան հանձնաժողովի անդամներ, և այդ աշխատանքը պետք է կանոնակարգված ձևով անել: Ենթադրություններով, ընկալումներով առաջնորդվելու եղանակով շատ երկար ճանապարհ հնարավոր չէ անցնել»,- եզրափակեց Սարգսյանը: