Բաժիններ՝

«Ես կոնֆլիկտային մարդ չեմ, ես սկզբունքային եմ». Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է: Այս առիթով այսօր «Grand Hotel Yerevan»-ում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ Վաստակավոր գործիչ, ՀԱՖՆ աշխատակից Արմեն Բուդաղյանը, ինչպես նաև՝ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Խոսելով 90-ամյա պատմություն կերտած նվագախմբի հետ աշխատելու իր 16 տարիների մասին, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծեց. «Ես ուրախ եմ, որ այսպիսի պատասխանատվություն և պատիվ է ինձ բաժին հասել՝ աշխատելու 90-ամյա պատմություն ունեցող նվագախմբում, որտեղ երաժշտական առումով ղեկավարում եմ կառույցը: Մշտապես իմ առաջնահերթ խնդիրը եղել է հնարավորինս բարձրացնել նվագախմբի հեղինակությունն ու պրոֆեսիոնալիզմը, և՝ ոչ միայն, այլ՝ բոլորի հետ միասին: Իմ միակ ձգտումն է՝ հասնել աշխարհի լավագույն նվագախմբերի մակարդակին: Օրեր են լինում, երբ թվում է, թե շատ մոտ ես այդ ձգտումի իրականացմանը, լինում են օրեր, որ հիասթափվում ես, դա էլ նորմալ է, բայց կարծում եմ՝ այն միջոցներով, որ նվագախումբն ունի, որովհետև այսօր մեր նվագախումբը վայելում է մեծագույն ուշադրություն՝ թե´ երկրի ղեկավարի, թե´ մեր հովանավոր «Վիվա Սելի» կողմից, մեր հաջողությունները դեռ առջևում են»:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է մարտի 4-ին կայացած համերգով՝ նվիրված Ալեքսանդր Թամանյանի հիշատակին: Առջևում՝ մարտի 15-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսված «ՀԱՖՆ-ը և հայ երաժշտական մշակույթը» գիտական կոնֆերանսն է՝ նվիրված ՀԱՖՆ-ի երախտավորներին, իսկ այս օրերին Ֆիլհարմոնիկը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ պատրաստվում է մարտի 29-ին և 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերային. «Օպերա մենք միշտ կատարել ենք, և դուք գիտեք երևի, որ ես դա շատ եմ սիրում: «Բոհեմը» ավելի քան 30 տարի Հայաստանում չի հնչել, հնչելուց էլ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ որոշակի կրճատումներով է կատարվել: Կարծում եմ՝ այն տարբերակով, որ մենք կներկայացնենք առաջիկայում, կհնչի առաջին անգամ՝ բոլորովին չմոռանալով կամ ստվեր չնետելով նախորդ տարբերակների վրա: Սա չափազանց մի նուրբ ստեղծագործություն է՝ նման ձեռագործ աշխատանքի, որը մենք փորձելու ենք կյանքի կոչել՝ մեր երիտասարդ հիանալի երգիչների հետ միասին»:

Էդուարդ Թոփչյանը չի ցանկանում առանձնացնել որևէ համերգ կամ հյուրախաղ, որը, կարելի է ասել, պատմական նշանակություն կամ հետք է թողել Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյա պատմության էջերում: Գլխավոր դիրիժորն այն կարծիքին է, որ այդպիսիք այնքան շատ են եղել և կան մինչև օրս, որ առանձնացնել որևէ մեկը, նպատակահարմար չէ: Անդրադառնալով լրագրողներից մեկի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում իր երկարամյա գործունեության ֆենոմենին առնչվող հարցին, մաեստրո Թոփչյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Այո, այդպես է: Ես էլ դա մի օր նկատեցի: Ձեզ շատ տարօրինակ բան կասեմ հիմա՝ ես կոնֆլիկտային մարդ չեմ, ես սկզբունքային եմ: Գուցե իմ սկզբունքայնությունը երբեմն բերում է կոնֆլիկտների, եթե ես գտնում եմ, որ որևէ բան պետք է այսպես լինի, և ես դրանում համոզված եմ: Թեև նման իրավիճակները հաճախակի չեն պատահում, որովհետև ես գիտեմ ու համոզված եմ, որ միանձնյա ճշմարտացի չլինելը սխալ մոտեցում է: Ընդհանուր առմամբ, ես աշխատում եմ բոլորի կարծիքը հաշվի առնելով՝ երբեք որևէ մեկի հետ հարաբերություններում չշահարկել ղեկավարի իմ դերը, և ես դա երբեք հատուկ չեմ արել, պարզապես ես այդպիսին եմ»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյա հոբելյանի առիթով առաջիկայում՝ ապրիլի 8-ին, տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնային համերգը, ապրիլի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գերմանացի դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը հանդես կգա Բրամսի թիվ 1 դաշնամուրային կոնցերտի կատարմամբ, իսկ ապրիլի 13-ին՝ Արամ Խաչատրյանի անվան   համերգասրահում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյա հոբելյանին նվիրված նոր՝ «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս