«Այս օրենքը հակասահմանադրական է». Ազատ Արշակյան

«Մեր Ընտրական օրենսգրքի հեղինակներն իտալական գործադուլություն են անում, այսինքն՝ զբաղվում են տառակերությամբ: Պետք է ըստ Սահմանադրության լիներ մի ընտրատարածք, մի ցուցակ, ու քաղաքացին էլ պետք է այդպես կատարեր իր ընտրությունը. մի տեղամասով համամասնական ընտրություններ: Դա չկա, ինչը հերիք է, որ ասենք՝ այս օրենքը հակասահմանադրական է»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ ընտրություններ կատարելն այս օրենքով անհնար է:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այլ կարծիքի է. «Մենք այսօր խոսում ենք մի փաստաթղթի մասին, որն ընդամենը նախագիծ է: Վաղվանից նոր սկսվելու է քվեարկությունների շարքը: Կա համամասնական ընտրություն, այսինքն՝ տասներեք ընտրատարածքներում քաղաքացին կարող է գնալ ու քվեարկել իր ցանկացած կուսակցությանը, և կա մի տարբերակ, որը ռեյտինգային համարել չի կարելի, քաղաքացին կարող է ձայնը տալ տվյալ կուսակցության անդամներից որևէ մեկին: Քաղաքացուն մենք լայն հնարավորություն տվել ենք՝ և՛ կուսակցության համար քվեարկելու, և՛ իր նախընտրած անձի համար, որը շատ կարևոր է: Սա արվում է նրա համար, որ ընտրողը կարողանա ունենալ հետադարձ կապ իր ընտրած պատգամավորի հետ»:

Պատգամավորը նշեց, որ ընդդիմության կողմից որևէ առաջարկ մինչ օրս չի տեսել. «Առաջարկները կտեսնեմ այն ժամանակ, երբ ԱԺ-ում սկսվի ԸՕ-ի քննարկումների փուլը: Վերջին օրերին երբ լսում եմ ընդդիմադիր ուժերի կարծիքները դրա մասին, ևս մեկ անգամ հիասթափվում եմ: Դեռ ԸՕ-ի վերջնական տեսքը չեղած՝ արդեն խոսում են հերթական անգամ ընտրությունները կեղծելու մասին, լրիվ անհասկանալի է»:

Ազատ Արշակյանն էլ նկատեց. «Նախագիծը քննարկելու ժամանակ ես ասել եմ, որ միայն մեծամասնականը և միայն համամասնականն իրենց մեջ ունեն թերություններ: Հիմա նախագծից հասկանում ենք, որ հիսուն-հիսուն է լինելու: Ես վատ բան չեմ տեսնում՝ եթե մեծամասնականը լինի, բայց դա հետադարձ կապ չի նշանակում: Այս օրենսգրքի նախագծում չկա հետ կանչելու իրավունքը: Եթե պատգամավորը թերացել է կամ շեղվում է իր ստանձնած պարտականություններից, քաղաքացին իրավունք չունի նրան հետ կանչելու»:

Տեսանյութեր

Լրահոս