Բաժիններ՝

«Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են»

ՌԴ-ից 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը և բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ պայմանագիր չկնքվի և նորից ապրիլի 1-ից 189 դոլար վճարենք գազի դիմաց, Լ. Յոլյանը պատասխանեց, որ չի կարծում: Նա նշեց, որ մոտակա ժամանակներս իրենք կտեղեկացնեն վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին:

Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը, ու որ արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է, և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի, Լ. Յոլյանն ասաց, որ ինքն այդ հայտարարությունից տեղյակ չէ և չի ցանկանում մեկնաբանել. «Այս այցի ժամանակ որևէ համաձայնագիր ստորագրելու հարց չի եղել, նախնական քննարկվում էին գազի գնի մաքսիմալ իջեցման հնարավոր տարբերակները»:

Հարցին էլ, թե ՀՀ նախագահի հետ ՌԴ այցի ընթացքում նկատե՞լ եք արդյոք, որ բանակցությունների ընթացքում խոչընդոտներ առաջացած լինեն, Լևոն Յոլյանն այսպես պատասխանեց. «Նախնական քննարկում էին գնի հնարավոր մաքիսմալ իջեցման տարբերակները, որոնք այսօր քննարկման փուլում են «Գազպրոմի», ՌԴ կառավարության հետ»: Նա նշեց, որ ռուսական կողմից զգացել է բավականին դրական վերաբերմունք՝ առողջ բանակցության դաշտում հարցը քննարկելու: Անդրադառնալով գազը ռուսական ռուբլով գնելու մասին խոսակցություններին՝ նախարարը նշեց, որ բանկացություններն ընթանում են դոլարով գնման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս