Արդիականացված կենտրոնում` վերապատրաստված մասնագետներ
«Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դժվար պայմաններում աշխատելու համար։ Սակայն, դրա փոխարեն, շուտով բարձր հագեցվածությամբ կենտրոնում եք աշխատելու»,-ասաց Արմեն Մուրադյանը «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» առաջատար մասնագետների հետ հանդիպման ժամանակ։
Նշելով, որ կենտրոնը հագեցած կլինի ամենավերջին սերնդի սարքավորումներով` նախարարը խիստ կարևորեց նաև մասնագետների բարձր պատրաստվածությունը և արդյունավետ կառավարումը։ Նա նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը իրենց առաջատար կլինիկաներում մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացնելով մասնագետներին` նշեց, որ բոլորը վերապատրաստումներ են անցել Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի և Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներում։
Միաժամանակ լրացուցիչ վերապատրաստումների կազմակերպման նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ի դեպ, ծրագրի շրջանակում 6 մասնագետ առաջիկայում մեկամսյա վերապատրաստում կանցնի Գերմանիայի Դաշնությունում։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ արդիականացված կենտրոնի մեկնարն ավելի լավ ապահովելու համար կարելի է լրացուցիչ վերապատրաստումներ կազմակերպել։ Նա կարևորեց նաև միջին բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության ապահովումը և հանձնարարեց այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել։
Ծանոթանալով ներկաներից յուրաքանչյուրին ու նրանց անցած վերապատրաստումներին` նախարարն իր գոհունակությունը հայտնեց փոխպատվաստման թիմից և նրանց հետ քննարկեց կենտրոնի գործարկմանն առնչվող բազմաթիվ հարցեր։
Նա հանձնարարեց առավել մանրամասն ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ, մինչ կենտրոնի շահագործումը, ներկայացնեն կենտրոնի արդյունավետ կառավարման իրենց պատկերացումները` հիվանդի ընդունումից սկսած մինչև բուժումը։
«Հանրապետության Նախագահի ծրագրով և առաջին տիկնոջ մեծ ուշադրության պայմաններում արդիականացվող կլինիկան հրաշալի հարթակ կդառնա ձեր նվիրվածությամբ երկրի առողջապահական համակարգի համբավը բարձրացնելու համար»,-ասաց նախարարը` կենտրոնի ղեկավարներին ու բժիշկներին հորդորելով ամրապնդել և մշտական դարձնել կապերն իրենց վերապատրաստած մասնագետների հետ։