Բաժիններ՝

Արմեն Աշոտյանի վերջին որոշումներից մեկը

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերանորոգվող կրկեսի և այնտեղ սպասվելիք նոր ծրագրերի մասին: Կարևորելով մոդեռնիզացված և նորագույն տեխնիկական հնարավորություններով հագեցած կրկեսն ու նորացված շենքային պայմանները, բանախոսն անդրադարձավ նաև կադրային խնդիրների թեմային:

168.am-ի այն հարցին, թե կադրային ներքին ռեսուրսներն արդյո՞ք բավարարում են նորացված կրկեսին՝ հանդես գալու միջազգային ծրագրերով, ինչպես նաև՝ կա՞ն արդյոք բավարար թվաքանակով կենդանիներ՝ գիշատիչներով ատրակցիոններ բեմադրելու համար, Սոս Պետրոսյանը պատասխանեց. «Այս տարի լրացվելու է կրկեսային ռեժիսորներ ունենալու մեծ բացը՝ Թատրոնի և կինոյի ինստիտուտին կից   հատուկ կուրս է բացվելու, որտեղ կուսուցանվի կրկեսային, մասսայական տեսարաններ բեմադրելու ռեժիսուրա: Սա եղավ Արմեն Աշոտյանի վերջին որոշումներից մեկը, որ նա հասցրեց ընդունել՝ մինչ պաշտոնին հրաժեշտ տալը: Մենք ունենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկես-դպրոց, որտեղ հաճախելիությունը շատ քիչ է: Ինչ վերաբերում է կենդանիների պարագային, ապա մեր հայտնի բոլոր դերասանները կգան կրկես աշխատելու՝ իրենց հետ բերելով նաև իրենց կենդանիներին, որովհետև կենդանին պատկանում է ոչ թե կրկեսին, այլ դերասանին»:

Տեղեկացնենք, որ երևանյան նոր կրկեսը հանդիսավորությամբ կվերաբացվի արդեն եկող տարվա հոկտեմբեր ամսին: Նախատեսվում է, որ նոր կրկեսում ներկայացումներով հանդես կգան միջազգային հեղինակություն վայելող կրկեսային արտիստներ, կբեմադրվեն օդային, սառույցի և ջրային անհավանական ծրագրեր, գիշատիչ կենդանիներով հարուստ ատրակցիոններ: Նոր կրկեսը կունենա ավելացված թվով նստատեղեր: Ինչպես հանդիպման բանախոս Սոս Պետրոսյանը նշեց՝ տոմսի գնային բարձրացումներ այս պահի դրությամբ չեն նախատեսվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս