«Հացի հե՞րթ է, ի՞նչ է՝ ով առաջինը եկավ, գրանցվեց, ուրեմն նա էլ առավելություն է ունենալու». Նաիրա Զոհրաբյան

Նոր Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) նախատեսել է սահմանափակում, որ ընտրատեղամասում կարող է գտնվել 8 դիտորդ և լրագրող: Օրենսգրքի քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է որոշելու, թե որ լրատվամիջոցներից մեկն ունի առավելություն, այս մեկը պետք է լինի ընտրատարածքում, իսկ մյուսը՝ ոչ:

«Կամ, ի՞նչ է նշանակում՝ գրանցման հերթականությամբ: Հացի հե՞րթ է, ի՞նչ է՝ ով առաջինը եկավ, գրանցվեց, ուրեմն նա էլ առավելություն է ունենալու: Ես կարծում եմ՝ սա կատեգորիկ անընդունելի դրույթ է՝ սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը, որովհետև հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովը որևէ չափորոշիչով չի կարող որոշել առաջնահերթությունները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ կան բազմաթիվ տեխնիկական բարդություններ, և հարցրեց՝ եթե գյուղում մի ծեր կին շփոթվել է, ծալել է քվեաթերթիկը, ապա այն անվավե՞ր է համարվելու, թե՞ ոչ: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ անձը չի կարող առաջադրվել ռեյտինգային կարգով մի քանի տեղամասերում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ թվով 8 լրագրողների և դիտորդների ներկայությունը լավագույն լուծումը չէ, բայց իրենք բաց են քննարկման համար: Նա նշեց, որ առաջարկվել է կոպիտ մեխանիզմ, բայց տեսականորեն առաջարկվող համակարգով կարող է 200-ից ավելի թեկնածու լինել, այդ պատճառով կողմ են եղել, որ վստահված անձինք ունենան կուսակցությունները:

«Բայց, ցավոք սրտի, մեզանում լիբերալության պատճառով տարածված երևույթ է, որ բազում թեկնածուներ իրենց ներկայացուցիչներին ուղարկում են ընտրական տեղամաս դիտորդի, ԶԼՄ ներկայացուցիչների կարգավիճակով: Իսկապես բացում ես մի էլեկտրոնային լրավամիջոց, հետո գալիս ես, հավատարմագրվում՝ որպես էլեկտրոնային լրատվամիջոց, հետո սկսում ես բաժանել լրագրողի վկայականները:

Արդյունքում, մենք ընտրական տեղամասերում ունենում ենք իսկապես շատ ավելի շատ մարդ, քան թույլատրելի է պատշաճ ընտրություն անցկացնելու համար: Մենք դրել ենք արհեստական սահմանափակում: Բնականաբար, վստահ էի, որ այս հարցին ուշադրություն եք դարձնելու և քննարկելու ենք: Պատրաստ ենք քննարկելու ցանկացած ողջամիտ մեխանիզմ, որը հնարավորություն չի ընձեռի ընտրական տեղամասում խառնաշփոթ ստեղծել»,- պարզաբանեց Դ. Հարությունյանը:

Միևնույն ժամանակ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկրներ կան, որտեղ լրագրողները պետք է նախապես հավատարմագրվեն, նրանք պետք է պատշաճ ապացույցներ ներկայացնեն, որ իսկապես լրագրող են: Հակառակ դեպքում՝ չեն հավատարմագրվում.

«Նման մեխանիզմներն էլ հակառակ ծայրահեղությունն են, դրանք մտցնում են որոշակի չափով արհեստական սահմանափակումներ, և այլն: Բայց նորից եմ կրկնում՝ սա քաղաքական կոնենսուսի խնդիր է, պետք է գտնենք եղանակը, որպեսզի թույլ չտանք մեծ բազմություն՝ միաժամանակ ապահովելով թե՛ լրավամիջոցների, թե՛ դիտորդների բուն գործունեությունը»:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրության վերաբերյալ դիտարկմանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ներկայացված համակարգը ռեյտինգային չի կոչվում:

«Այն համակարգը, որը ձեզ առաջարկվել է, կոչվում է համամասնական ընտրություն՝ բաց ցուցակներով»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջարկին, որ այժմ քվեաթերթիկը պետք է դակել, ոչ թե ծալել, Դավիթ Հարությունյանն ասաց, որ, եթե քվեաթերթիկը ծալված է, ապա այն կարող է վնասվել, և բազմաթիվ հարցեր են ծագում: Նա նշեց, որ համամասնական այս համակարգի բուն նպատակը երկրում քաղաքական կուսակցությունների դերակատարումն ուժեղացնելն է տեղերում. «Հակառակ դեպքում՝ մենք չէին գնա տարածքներում առանձին ցուցակների ներկայացմանը: Մենք կգնայինք պարզեցված համամասնական մոդելի, որն այսօր Հայաստանում առկա է: Բայց ո՞րն է այդ մոդելի վտանգը. ընտրողն օտարվում է ընտրվածից: Ընտրողը, ձայնը տալով այս կամ այն կուսակցությանը, այնուամենայնիվ, չունի պերսոնիֆիկացված անձը, ով իր տարածքը ներկայացնող թեկնածուն է»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս