«Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին իր տեղն է ցույց տվել». Արմեն Բադալյան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանի կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին ցույց է տվել, որ կոալիցիոն կառավարությունում ՀՅԴ-ն ենթակայի կարգավիճակ ունի: «Կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կնքեցին ՀՅԴ-ից՝ կուսակցության ղեկավարը, իսկ ՀՀԿ-ից՝ կուսակցության ղեկավարը չկնքեց, չնայած՝ այդտեղ էր: Գործող նախագահը ՀՅԴ-ին ցույց տվեց, որ իր տեղը կոալիցիոն կառավարությունում ենթակայի կարգավիճակն է, սա նույնպես ապագային ուղղված քայլ էր, որպեսզի հանկարծ դաշնակները չմտածեն, թե նրանք եկել են կոալիցիոն կառավարություն՝ ինչ-որ բան փոփոխելու: Ենթադրում եմ, որ որոշ ժամանակ հետո նախագահն այս կամ այն կերպ կշոշափի նաև ԲՀԿ-ին և կօգտագործի նաև այդ գործոնը: Նաև որոշակիորեն ընդդիմադիր կառույցներ կստեղծի, ու եթե դրսից էլ չխանգարեն, ապա գործող նախագահն ապագայում վարչապետ դառնալով՝ կարող է ԱԺ-ում տարբեր ուժերի հետ քաղաքական առևտուր անելով՝ իր քաղաքական ապագան երկարացնել»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա:

Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, նա պատասխանեց. «Վերադառնալու համար պետք է նախ՝ որոշակի գործոններ աշխատեցնել, և երկրորդ՝ իսկ ո՞վ ասաց, թե երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի: Եթե նման ցանկություն ունի, ապա ժամանակն է, որպեսզի որոշակի կազմակերպչական աշխատանքներ իրականացնի, ինչը չի արվում: Նրա վերադարձը, իհարկե, չեմ բացառում, բայց քիչ հավանական է: Քաղաքականություն վերադառնալու համար պետք է որոշակի կադրային ռեսուրսներ ունենալ, գործոններ լինեն, որոնք աշխատեցնելով՝ արդյունք ստանաս, այլ ոչ թե՝ վերադառնաս քաղաքականություն ու լինես ԱԺ շարքային պատգամավոր: Միայն հարցազրույցներ տալը քիչ է: Եթե նախկինում նրա տված հարցազրույցներն ակտուալ էին, քննարկվում էին, ապա հիմա այդքան էլ այդպես չէ: Կարծում եմ, որ նա անցած շրջան է: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է կարողանա ռեսուրսները ճիշտ օգտագործել, այդ ռեսուրսներից մեկն էլ ժամանակի ռեսուրսն է, որը երկրորդ նախագահը բաց թողեց»:

Մեր զրուցակիցը հավելեց՝ ռեսուրսների բացթողումը վերաբերում է նաև գործող վարչապետին. «Նա մի քանի ռեսուրս ուներ, որոնք 2017-18թթ. քաղաքական կարիերա անելու համար կարող էր օգտագործել: Այդ ռեսուրսներից մեկը ժամանակի ռեսուրսն էր, որը նա բաց թողեց, իսկ գործող նախագահն այդ ռեսուրսը բավականին լավ օգտագործեց՝ օգտվելով դիմացինի թուլությունից: Ժամանակին վարչապետը նշում էր, որ քաղաքական գործունեություն ծավալելու համար խելք պետք չէ, գործող նախագահը ցույց տվեց, որ քաղաքական գործունեություն ծավալելու համար խելքը շատ էլ լավ պետք է»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս