Մհեր Սեդրակյանի հարցը չքննարկվեց
Այսօր Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նիստը տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: Օրակարգում մեկ հարց էր՝ «Մեդիա և իրավունք» «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների 02.03.2016թ. N 2-422 դիմումի քննությունը, որը վերաբերում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:
Հանձնաժողովի նիստից բացակայում էին պատգամավորներ Թևան Պողոսյանը, Արմեն Բաբայանն ու Վահան Բաբայանը:
Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը լրագրողներին հորդորեց հարցեր չուղղել այն պատգամավորներին, որոնք չեն ցանկանում պատասխանել. «Եթե չի ուզում պատասխանել, պետք չէ գնալ, հրահրել»: Ավետիսյանը, սակայն, համաձայնեց, որ անկախ շփվելու ցանկությունից` պատգամավորներն իրավունք չունեն հայհոյել և վիրավորական արտահայտություններ հնչեցնել լրագրողների հասցեին:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, առավել հայտնի «Թոխմախի Մհեր» մականունով, խորհրդարանում հայհոյել էր լրագրողներին՝ նրանց անվանելով «նախիր»: Մհեր Սեդրակյանը պնդում է, որ հայհոյանք չի եղել: