Շոու-բիզնեսի աստղերը հորդորել են աշխարհի ղեկավարներին՝ վերջ դնել կանանց խտրականությանը

Ժամանակակից աշխարհում շուրջ 62 մլն աղջիկներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից, 500 մլն կանայք կարդալ չգիտեն, իսկ 155 երկրներում խտրական օրենքներ են գործում սեռական հատկանիշով: Այս տվյալները ներկայացված են պետությունների ղեկավարներին հղված բաց ուղերձում, որը մարտի 8-ի նախօրեին հրապարակել են շոու-բիզնեսի տասնյակ աստղեր, ներառյալ հեռուստահաղորդավա րուհի Օփրա Ուինֆրին, Microsoft ընկերության հիմնադրի կինը՝ Մելինդա Գեյթսը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, դերասանուհիներ Մերիլ Սթրիփը, Շարլիզ Թերոնը, երաժիշտ Էլթոն Ջոնը, նախկին բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին եւ շատ ուրիշներ:

Նրանք հորդորում են քաղաքական գործիչներին՝ միասնական միջոցներ ձեռնարկել սեռերի անհավասարության շուտափույթ վերացման նպատակով: «Աշխարհում ոչ մի տեղ կանանց համար նույնքան հնարավորություններ չեն բացվել, որքան տղամարդկանց համար: Ոչ մի տեղ: Սեռային հատկանիշով իրավահավասարության համար պայքարը պետք է գլոբալ լինի»,- նշվում է ուղերձում: Այն ստորագրել են նաեւ դերասաններ Թինա Ֆեյը, Ռոբերտ Ռետֆորդը, Քոլին Ֆարելը, Պատրիցիա Արկետը, Քեթի Հոլմսը, Մերի Ջեյ Բլայջը, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, լրագրողուհի Մարիա Շրայվերը (հեռացել է դերասան Առնոլդ Շվարցենեգերից, բայց նրանց ամուսնությունը լուծարված չէ):

Ուղերձի հեղինակները միավորված են ONE անվանումը կրող հասարակական կազմակերպության մեջ, որն ստեղծել է U2 իռլանդական ռոք-խմբի առաջատար Բոնոն՝ ամբողջ աշխարհում աղքատությանն ու հիվանդություններին հակազդելու նպատակով: Անցյալ տարի միավորումը զեկույց եւ ուղերձ էր պատրաստել, որով կոչ էր արվում աշխարհի ղեկավարներին՝ նպաստել մարդկության համար առավել հրատապ որոշումների ընդունման գործընթացում թույլ սեռի ներկայացուցիչների ներգրավմանը: Այս տարի խնդրագիրը նվիրված է կանանց ճանապարհին արհեստական խոչընդոտների վերացմանը կյանքի տասը կոնկրետ ոլորտներում, ներառյալ կրթությունը, առողջապահությունը, սնունդը, տեղեկատվությունից օգտվելը:

Առանձնակի ուշադրություն է դարձված ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարին: Ակցիայի մասնակիցներն անհրաժեշտ են համարում միայն այս տարի այդ նպատակներով հանգանակել առնվազն 13 մլրդ դոլար գումարի կամավոր նվիրատվություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս