25 հազարով պակաս մայրեր՝ Հայաստանում

Այսօր ԱԺ առողջապահության, Մայրության, մանկության և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ լսումներ են կազմակերպել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի վերաբերյալ: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ խնդիրները ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ լուծումներ են ենթադրում և հույս հայտնեց, որ կգտնեն այդ լուծումները, որ ՀՀ երիտասարդները կրթվեն, աշխատեն ու վերարտադրվեն Հայաստանում և ոչ թե սովորեն գերմաներեն, որպեսզի մեկնեն արտերկիր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը թվարկեց այն հիմնադրույթները, որոնք ամրագրված են ծրագրում՝ զբաղվածության ընդլայնված ապահովում, բնակարանային ապահովություն և առողջապահություն: Ըստ նրա՝ ժողովրդագրական խնդիրը շատ արդիական է և հուզում է ՀՀ կառավարությանը: Նա վստահություն հայտնեց, որ տարեցտարի ժողովրդագրական իրավիճակի բարելավում ենք ունենալու և օր առաջ պետք է ներդնել այն կառուցակարգերը, որոնք կապահովեն բարելավում և կհամախմբեն ջանքերը:

«Մահացությունն ու ծնելիությունը այն ցուցանիշներն են, որ բնութագրում են տվյալ երկրի ժողովրդագրական վիճակը: Մեզ մոտ շատ այլ երկրների համեմատ ծնելիությունը բարձր է: Հայաստանում ցուցանիշը դրական է, ունենք բնական աճ, բայց եթե այսօր չձևավորվեն համապատասխան մոտեցումները, հեռահար առողջապահական ծրագրերը չիրագործվեն, իրավիճակը կբարդանա: Հիմնականը ծնելիությունն է, որ վերջին տարիներին նվազել է, 1990 թ-ին եղել է 80 հազար ծնունդ, հիմա 42-43 հազար երեխայի ծնունդ կա»,- հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ 90-ականների սերնդից այսօր մոտ 40 հազար մայրեր կան, իսկ այսօրվա սերունդը կունենա մոտ 15 հազար մայրեր, և եթե յուրաքանչյուր երկրի վերարտադրության համար ծնելիության գործակիցը 2.2 պետք է լինի, Հայաստանում այժմ 1.7 է: «Յուրաքանչյուր խնդրի լուծումը սկսվում է կարիքների գնահատումից»,- նկատեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս